Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ։ Դուք դպրոցն ավարտում եք բացառիկ մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածման ռիսկը թույլ չի տալիս այդ կարևոր իրադարձությունը նշել ձեր դպրոցական ընկերների և ուսուցիչների հետ։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ֆիզիկական հեռավորությունը ձեզ համար առիթ է խորությամբ ընկալել և վերաիմաստավորել այն բոլոր արժեքներն ու գիտելիքը, որ ստացել եք ձեր ընկերներից և ուսուցիչներից այս տարիների ընթացքում։
Վստահեցնում եմ, որ արտակարգ դրության ավարտին միասին կնշենք ձեր կյանքի կարևոր այս փուլի սկիզբը՝ դարձնելով այն ավելի բովանդակալից և խորհրդանշական։ Լիահույս եմ, որ ստեղծված այս իրավիճակից քաղած դասերով բացառիկ եք դարձնելու նաև ձեր ապագան՝ ստանալով մասնագիտական կրթություն և գիտելիքներ, զարգացնելով ձեր կարողություններն ու դրանք ծառայեցնելով մեր երկրի զարգացմանն ու հանրային բարիքի ստեղծմանը՝ ստեղծագործ և արժանապատիվ աշխատանքով։ Այդ ճանապարհին մենք ձեր կողքին ենք՝ ընձեռելով կրթությունը շարունակելու, սիրած մասնագիտությունն ստանալու համար անհրաժեշտ կարողությունները զարգացնելու մեծ հնարավորություններ ու պայմաններ՝ արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ կրթական ծրագրերով։
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և մաղթում բազում հաջողություններ կյանքի այս նոր փուլում։
ԿԳՄՍՆ