«Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ բաց նամակը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ս․թ․ մայիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հրավերով Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան, ինչպես նաև տուրիզմի մյուս ոլորտները ներկայացնող այլ միավորումները մասնակցեցին Նախարարի հետ քննարկմանը, որտեղ ՀՀ Կառավարության կողմից ներկայացվեց հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքների վիճակագրությունը, իսկ ոլորտի ներկայացուցիչները բարձրացրեցին առկա խնդիրները և առաջարկեցին համապատասխան լուծումներ։
Կարող ենք ստույգ արձանագրել, որ հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ մինչ օրս կատարված միջոցառումների համախումբը բավարար չէ ոլորտի խնդիրները լուծելու համար, որոնցից գլխավորներն են․
- Աշխատատեղերի պահպանում առանց աշխատավարձային ֆոնդի մեծ կրճատումների
- Վարկային պարտավորությունների շարունակական կատարում
- Առաջացող հարկային պարտավորությունների պատշաճ կատարում
Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան արդեն երեք ամիս շարունակ փորձում է ՀՀ Կառավարության ուշադրությունը սևեռել այս խնդիրների հիմնարար լուծումներ տալու անհրաժեշտությանը։
Կարդացեք նաև
Ցավոք, այս անգամ էլ հանդիպման ավարտին նախարարից տեղեկացանք, որ մեր բարձրացրած հարցերը և մեր առաջարկած լուծումները կքննարկվեն մոտակա երեք շաբաթվա ընթացքում։
Արդեն իսկ սնանկության եզրին հասած ոլորտի խնդիրներին ՀՀ Կառավարության այսքան դանդաղ և, մեր կարծիքով, ոչ համաչափ արձագանքը համարում ենք անընդունելի։
Պահանջում ենք շտապ արձագանքել մեր բարձրացրած հարցերին և իրագործել մեր կողմից առաջարկված լուծումները, քանզի համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրների գերակշիռ մեծամասնությունում, այդ թվում մեր հարևան երկրներում, հենց այս լուծումների հանրագումարն է կիրառվել և ապահովել տեսանելի արդյունքներ։
Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան հորդորում է իրականացնել հետևյալ միջոցառումները․
- Ազատել զբոսաշրջային ոլորտում գործող ընկերություններին (հյուրանոցներին, հյուրատներին, տրանսպորտային ընկերություններին, տուրիստական գործակալություններին և այլոց) բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից, որոնք առաջացել են և կառաջանան 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,
- 2020թ․ մարտ և ապրիլ ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,
- 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և ապահովելով արագ վերականգնում և ոլորտի հետագա աճի հնարավորություն
- 2020թ․-ի մայիսից սկսած վճարել սույն ընկերություններում պահպանված աշխատատեղերի աշխատավարձի առնվազն 50%-ը մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ։
- 2020թ․-ի մայիսից սկսած վճարել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ։
2021թ․ մայիսի 1-ից կմեկնարկի հաջորդ տարվա զբոսաշրջային սեզոնը, և մենք հուսով ենք, որ մինչ այդ Հայաստանը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, աշխարհի մյուս երկրները կբացեն Հայաստանի հետ իրենց սահմանները, և մեր ոլորտը այդ պահից սկսած կվերադառնա իր բնականոն գործունեությանը։
Խնդրում ենք Ձեր հանձնարարականը՝ մեր դիմումին հրատապ արձագանքելու և ծառացած խնդիրներին, հաշվի առնելով մեր առաջարկները, սեղմ ժամկետներում լուծումներ տալու համար։ Այլապես մենք ոչ միայն անդառնալի կկորցնենք ոլորտի ձեռքբերումները, այլ նույնիսկ համաճարակի ավարտից հետո Հայաստանի տնտեսության համար գերակա այս ոլորտը ի վիճակի չի լինի ապահովել երկրի տնտեսական աճի իր կարևոր մասնաբաժինը։
Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա