Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ քաղաքական անխուսափելի լուծումները՝ նոր կառավարություն, նոր մարդիկ, նոր թիմեր, նոր գործելաոճ, հրատապ է դառնում միջազգային օգնության դիմելու հարցը. «Այլընտրանքային նախագծեր»

Մայիս 25,2020 18:12

Վիրուսի տարածման դինամիկան և հիվանդանոցային ու ռեանիմացիոն հնարավորությունների սպառումը խոսում են ծայրահեղ ծանր իրավիճակի մասին (նախարար Թորոսյանի հայտարարությամբ՝ ընդամենը 32 ազատ տեղ մայիսի 24-ի դրությամբ)։ Վարչապետ Փաշինյանի կոչը՝ դիմակներ կրելու, դիմակների կրման պայմանների խստացումը չափազանց ուշացած քայլ է և ստեղծված իրավիճակի վրա չի կարող ունենալ էական ազդեցություն։ Իշխանությունները տապալել են համավարակի դեմ պայքարը գրեթե բոլոր մակարդակներում։

Իշխանությունները ողջ ընթացքում ցուցադրաբար անտեսեցին բոլոր մասնագետների, կազմակերպչական և հակաճգնաժամային աշխատանքի մեծ փորձ ունեցող մարդկանց առաջարկները, խորհուրդները, զգուշացումները։ Իշխանություններին բազմիցս, հրապարակավ և նաև հնարավոր բոլոր խողովակներով զգուշացվել է, որ.

– Հայաստանում մտցված կարանտինը կրում է ձևական բնույթ և այս վիճակով չի տալու արդյունք,

– Տեստավորումների քանակը շատ փոքր է, թույլ չի տալիս օբյեկտիվ պատկեր ստանալ և կառավարել իրավիճակը,

– Մայիսի 4-ից սահմանափակումների վերացմանը երկիրը գնում է բոլորովին անպատրաստ վիճակում,

– Մայիսի 18-ից նոր թուլացումները է՛լ ավելի են վատացնելու իրավիճակը,

– Բարձրաստիճան պաշտոնյաների ոչ հստակ, հաճախ՝ իրար հակասող, իրարամերժ հայտարարությունները և մեկնաբանությունները հասարակության մեջ աղավաղված պատկերացումների տեղիք են տալիս,

– Իշխանության վերնախավի կողմից բոլոր հակահամաճարակային կանոնների ցուցադրական անտեսումը հասարակության մոտ թուլացնում է զգոնությունը, անլրջացնում վտանգի զգացումը։

Հանրային պահվածքի մեջ նկատելի են որոշ դրվագներ, որոնք ուղղակիորեն կապված են մի կողմից իշխանության ընկալման և քայլերի հետ, մյուս կողմից՝ խոսում են քաղաքացու ցածր իրավագիտակցության մասին։

ա/ Կա մարդկանց խումբ, որը դիմակ չի կրում, չի պահպանում կարևորագույն նորմերը՝ դա ներկայացնելով որպես իր բողոքը գործող իշխանության դեմ (ես իրենց ասելով դիմակ չպիտի դնեմ, և այլն)

բ/ Տարբեր լրատվամիջոցների և սոցցանցային ակտիվ օգտատերերի կողմից դեռևս զգալի են դավադրապաշտական մոտեցումները, թե «վիրուս չկա», «մեզ ուզում են խաբել» և այլն։ Մարդիկ չեն գիտակցում, որ ամեն տարածվող կեղծ լուրը իրական մարդկային կյանքեր է արժենում։

Գ/ Իշխանության, մասնավորապես՝ Փաշինյանի հեղինակությունը չի բավականացնում՝ հանրությանը կոչեր և ուղերձներ տեղ հասցնելու համար

Դ/ Նույնիսկ այս պայմաններում կան մարդիկ/ուժեր, որոնք փորձում են հանրային վարկանիշ ձեռք բերել պոպուլիստական կոչերով և քայլերով, և դա վերաբերում է նաև ոչ իշխանական ուժերին։

Ե/ Զանգվածներին դուր գալու, վարկանիշ ձեռք բերելու նպատակով հնչում են կոչեր՝ չեղարկել տուգանքները, սահմանափակումները և այլն։ Այսպիսով անլրջացվում է հանրային վերահսկողության ողջ համակարգը, քանի որ տուգանքները, ցավոք, երբեմն միակ աշխատող գործոնն են՝ սահմանափակումները պահելու, հակահամավարակային պայքարի արդյունավետության համար։

Զ/ Երկրում, ցավալիորեն, չկան անառարկելի, լուրջ հեղինակություն վայելող դեմքեր, որոնց խոսքը լայն զանգվածների համար կշիռ կունենար և կօգներ այս պայքարում։ Նախկինում հեղինակություն հանդիսացող տարբեր դեմքեր վերջին տարիներին հետևողականորեն վարկաբեկվել են, նորերը չեն ձևավորվել։

Այս ողջ հանրային կոլապսի ֆոնի վրա բնականորեն հասունացել է առողջապահական համակարգի կոլապսը, որն օրերի հարց է։ Սա մենք արձանագրում ենք մեծ ցավով, առանց չարախնդության որևէ հատիկի, քանի որ սա մեր ընդհանուր երկրի, մեզ բոլորիս առնչվող լրջագույն խնդիր է։

Հիմա ունենք այսօրվա վիճակը, երբ արվող տեստերի քանակը նույնիսկ այս պահին չափազանց փոքր է և, աճելու փոխարեն, նվազում է։ Բուժաշխատողները, բժշկական համակարգը գտնվում են ծայրահեղ բարդ, լարված վիճակում։

Մարդկանց առողջությունը և կյանքը չեն կարող լինել քաղաքական կամ անհատական քմահաճույքի առարկա։

Մենք շարունակում ենք մնալ այն համոզմանը, որ ճիշտ չէ պարետատանը դնել լրացուցիչ հանրային, բարոյական ճնշումների տակ։ Էքստրեմալ վիճակներում աշխատող կառույցը չի կարելի դնել է՛լ ավելի դժվար վիճակում։

Մենք բոլորս պետք է մտածենք լուծումների մասին։

Մինչ քաղաքական անխուսափելի լուծումները՝ նոր կառավարություն, նոր մարդիկ, նոր թիմեր, նոր գործելաոճ, հրատապ է դառնում միջազգային օգնության դիմելու հարցը։

Հայաստանին հրատապ պետք են համավարակի դեմ պայքարի կազմակերպման մասնագետներ, բժիշկներ, բուժսարքավորումներ, դեղորայք։

Այս պահին իրատեսական է թվում Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Վրաստանից օգնության խնդրանքը։ Կա միջազգային հաջողված փորձ՝ ՌԴ-ն մեծապես օգնել է Իտալիային, Սերբիային, ԱՄՆ-ին։

Չինաստանը նույնպես օգնել է եվրոպական և այլ երկրների, նույնը՝ ԱՄՆ-ը։ Վրաստանը կարող է օգտակար լինել պայքարի կազմակերպման իր հաջողված փորձով։

Հայաստանը մտել է նոր փուլ, որից դուրս գալու համար պահանջվում է օպերատիվ և գրագետ աշխատանք, մեծ ջանքեր և պատասխանատվություն՝ բոլորի կողմից։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031