«Այո, հնարավոր է, որ դիմակների գներն առաջիկայում իջնեն, թե որքանով՝ հիմա չեմ կարող ասել»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
«Մեր կողմից գների կարգավորման հարցին միջամտելը սխալ կլինի: Այո, դիմակների շուկայում տեսել ենք անհանգստացնող երեւույթներ, այդ պատճառով վարույթ կհարուցենք առեւտրային խոշոր ցանցերի եւ ներմուծողների հանդեպ, բայց «գերշահույթ» եւ նման երեւույթները բացառում եմ: 20 դրամանոց դիմակը 200 դրամով են վաճառում արտահայտությունը մանիպուլյացիա է եւ չի համապատասխանում իրականությանը: Եթե ժամանակին դիմակը ներկրվում էր 20, իսկ վաճառվում՝ 50 դրամով, ապա հիմա ներկրվում եւ արտադրվում է 110-120 դրամով: Ուստի գերշահույթ ստանալու համար այդ դիմակը 1200 դրամ պետք է լիներ»,-նշեց Գեղամ Գեւորգյանը:
Նա նաեւ հայտնեց՝ գուցե պարետատան հետ քննարկումների արդյունքում կարողանան սահմանել, որ դիմակ արտադրողն առանց միջնորդի եւ մեծածախ կերպով վաճառի դիմակները, եւ դրա արդյունքում դիմակը կդառնա մոտ 80 դրամ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ