Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ/ռազմական դրության պայմաններում հանրաքվեն կչեղարկվի. «Իմ քայլի» օրինագիծը

Մայիս 25,2020 17:00

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը վերաբերում է արտակարգ դրության պայմաններում հանրաքվեի շարունակականությանը:

Հիշեցնենք, որ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեի քարոզարշավն ընդհատվել էր՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված: «Արդեն իսկ նշանակված հանրաքվեն չկայացավ, քանի որ Սահմանադրությունն ամրագրում է՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի չի ունենում, իսկ թե ինչ է տեղի ունենում, վերապահված է օրենքով կարգավորվելուն»,-նշեց Վահագն Հովակիմյանը:

Նա ասաց. «Իսկ «Հանրաքվեի մասին» օրենքում այդ կարգավորումն ամրագրված չէ՝ բացառությամբ այն դեպքի, երբ ռազմական եւ արտակարգ դրության վերացումից հետո նշանակվում է հանրաքվե՝ ոչ ուշ, քան 65 օր հետո: Բայց այստեղ խնդիր կա՝ ինչպե՞ս է շարունակվելու հանրաքվեն: Սա կարգավորված չէ օրենսդրությամբ: Օրինագծով սահմանվում է արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի շարունակականության հարցը եւ արտակարգ/ռազմական դրությամբ պայմանավորված՝ նշանակված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրումը: Սա խիստ անհրաժեշտություն է եւ նաեւ անվտանգության հարց է: Եթե ռազմական դրության պայմաններում նշանակված լինի հանրաքվե, այն չչեղարկելու դեպքում ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակվածներն օրենքի ուժով ազատվում են զորահավաքից: Պատկերացրեք՝ երկիրը պատերազմի մեջ է, բայց մինչեւ 14 000 քաղաքացիներ հայտնվում են այդ վիճակում: Անգամ եթե նրանք ցանկանան կամավոր մասնակցել զորահավաքի, նրանց որեւէ մեկն իրավունք չունի զինվորագրելու»:

Հավելենք, որ օրինագիծն առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031