Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարուքյանը բացատրում է, թե Սասուն Միքայելյանի «շշի ժեստից» հետո ինչու է իջել. «Իմ միտքը եղել է այն, որ ես ամբիոնի մոտ չմնամ, որ ինձ չհրմշտեն, չգցեն ու ես ամբիոնից կառչեմ»

Մայիս 25,2020 16:35

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր ու չէր մասնակցում նիստերին: Այսօր հրավիրած ասուլիսում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ վաղվանից մասնակցելու են ԱԺ քառօրյա նիստերին:

Լրագրողները հարցրեցին՝ ամեն դեպքում քննարկվում է այն հարցը, թե դուք ինչո՞ւ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի օրը ամբիոնի մոտից իջաք ու մոտեցաք Սասուն Միքայելյանին, դուք Սասուն Միքայելյանի հետ դաշնակից եք եղել ու գիտեիք, որ նա «հոպար» ու նման բառապաշարով է մտերիմների հետ խոսում՝ Էդմոն Մարուքյանն ի պատասխան նախ ասաց, որ վարչապետն իր ամբողջ զինանոցն օգտագործեց՝ իր ելույթում արդարացնելու բռնությունը. «Ես ինչու ամբիոնի մոտից առաջ գնացի: Երբ որ ես տեսնում եմ, որ մարդն ուզում է շշով խփի, շիշը ձեռքից վերցրեցին, հիմա վեր է կացել, գալիս է, որ ինձ ամբիոնի մոտ հրի, գցի, կամ չգիտեմ ինչ անի: Ես անկեղծ եմ ասում, ես չեմ սպասել, որ Սասուն Միքայելյանն ինձ կխփի, եթե ես սպասեի, ես կխուսափեի այդ հարվածից»:

Ճշտեցին՝ շշի ժե՞ստը ձեզ ստիպեց մոտենալ՝ Մարուքյանը պատասխանեց. «Ոչ միայն դա, շշի ժեստից հետո ինձ ասել է՝ գլուխդ կցխեմ, վիզդ կկտրեմ, այսինքն, բռնություն պարունակող ձեւակերպմամբ խոսք է եղել, հետո մարդը վեր է կացել ու գալիս է դեպի ինձ: Իմ միտքը եղել է այն, որ ես ամբիոնի մոտ չմնամ, որ ինձ չհրմշտեն, չգցեն ու ես ամբիոնից կառչեմ: Դա, իմ կարծիքով, շատ վատ տեսարան էր: Բայց ես չեմ կանխատեսել, որ կարող է մյուս տեսարանը լինի»:

Մարուքյանի խոսքով՝ վարչապետը մանիպուլյացիա է արել, բայց դա չի աշխատելու. «Մարդիկ ունեն աչքեր, որ Աստված տվել է ու կա youtube, որը գիտությունն է տվել ու մարդիկ կարող են դա նայել»:

Մարուքյանը անեկդոտ հիշեց՝ զոհին ուզում են մեղադրել, դա նույնն է, որ դատավորը գողին ուզում է պաշտպանել, հարցեր է տալիս, ասում է՝ կողպեք ունեի՞ր, պատուհաններդ փա՞կ էին, այնքան հարց է տալիս, մինչեւ ասում են՝ «այ հարգելի դատարան, էս գողը հեչ մեղք չունե՞ր»:

Aravot.am-ը հարցրեց՝ այս ընթացքում Սասուն Միքայելյանին հանդիպե՞լ է ու տեղի ունեցած միջադեպից հետո ինչպե՞ս է պատկերացնում իր շփումը նրա հետ ԱԺ-ում, փորձե՞լ է կապ հաստատել, ինչ-որ ձեւ հաշտվել՝ Մարուքյանը պատասխանեց, որ Արցախում հետո է տեսել, որ նույն դահլիճում իրար հետ են ու դրանից հետո չեն տեսել, չի եղել ոչ մի զանգ, ոչ էլ ինքն է զանգել. «Ինչպես եմ պատկերացնո՞ւմ շփումը, գիտեք, խորհրդարանը աշխատելու քաղաքական վայր է, եւ ես չեմ պատկերացնում, որ մեր գործունեությունը շփման հետ է կապված: Մեր գործունեությունը կապված է օրենսդիր, մեր սահմանադրական լիազորությունները կատարելու հետ: Ով կփորձի խանգարել մեր լիազորությունների կատարմանը՝ մենք կփորձենք բարձրաձայնել…Այնպես չի, որ մինչեւ այդ այստեղ ամեն օր իր հետ շփվում էինք: Դահլիճում կարող է բարեւ-բարի օր, ուրիշ ի՞նչ շփում կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031