ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր 2008 թվականի «մարտի 1»-ի գործով դատապարտված մոտ մեկ տասնյակ մարդկանց մասով արդարացման վճիռներ է կայացրել: Արդարացվել են Վարդան Ջհանգիրյանը, Կարեն Թարխանյանը, Մասիս Այվազյանը, Արմեն Ավագյանը, Դավիթ Աղայանը, Արմեն Շահինյանը, Դավիթ Մաթևոսյանը, Խաչիկ Գասպարյանը և Սամվել Հարությունյանը: Իսկ Արամ Բարեղամյանի գործով դատարանը բեկանել է վճիռը եւ ուղարկել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան`կրկին քննության:
Արամ Բարեղամյանի համար դատարանի նման որոշումը անակնկալ է: Բայց նա չի շտապում ենթադրություն-եզրակացություններ անել: «Իրավական հարց է, որոշումը պետք է ստանանք, նոր կարծիք կազմենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա: Բայց դատարանի նման որոշումից անակնկալի է եկել, քանի որ իր գործը հիմնված էր մեկ ոստիկանի ցուցմունքի վրա, առանց որեւէ լրացուցիչ ապացույցի եւ դատարանում էլ ապացուցված չէր: «Ուղղակի վճիռ էին կարդացել»,- ասաց նա`հավելելով, որ չգիտի, թե պատճառը ո՞րն է, որ 2008-ին իր դեմ ցուցմունք տված ոստիկանը փոխել է իր ցուցմունքը, երբ այդ ցուցմունքով ինքն արդեն 3 տարի 2 ամիս կալանավայրում էր: «Երեւի դատարանի մոտ հարցեր են առաջացել»,- ասաց մեր զրուցակիցը:
Այս որոշումը չի շտապում մեկնաբանել նաեւ ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Եզրակացությունները կանեն դատարանի որոշումը ստանալուց եւ մանրամասներին ծանոթանալուց հետո:
Հիշեցնենք, դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Բարեղամյանի գործով ՀՀ գլխավոր դատախազությունը նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել: Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող առանցքային տուժող, Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Գագիկ Քամալյանը 10 տարի անց մտքափոխվել է եւ հայտարարել, թե իրականում չի իմացել եւ չգիտի՝ իրեն հարվածողը եղել է Արամ Բարեղամյա՞նը, թե՞ այլ անձ:
Կարդացեք նաև
«Մարտի 1»-ի շատ գործեր ՄԻԵԴ-ում են: Արամ Բարեղամյանի գործն ընթացքի մեջ է: Անկախ ներպետական ատյաններում գործի ընթացքից, գործը ՄԻԵԴ-ում շարունակվելու է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
Այսօր կայացված արդարացման վճիռները Արտակ Զեյնալյանը մեկ բառով է բնութագրում. «Հրաշալի է»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ օրենքով սահմանված փոխհատուցման չափեր կան. «Որոշ ժամանակ առաջ ՍԴ-ն գտավ, որ դրա նվազագույն սահմանը Սահմանադրությանը հակասող է եւ անվավեր»: Այսինքն, եթե այս մարդիկ դիմեն վնասի հատուցման պահանջով, նրանց պետք է տրամադրվի այնքան փոխհատուցում, որքան կստանային ՄԻԵԴ-ի որոշմամբ: «Եթե այդ գումարը շոշափելի տարբերվեց ՄԻԵԴ-ի որոշմամբ տրամադրվելիք գումարից, ապա անձը պահպանում է զոհի կարգավիճակը եւ կարող է դիմել ու ստանալ փոխհատուցման ամբողջ չափը, որովհետեւ ճշգրիտ չափի փոխհատուցմամբ է փակվում այդ շղթան»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ