Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը գնահատել է Մոսկվայի «Սպարտակում» իր թիմակիցներից վրացի Ջանո Անանիձեին: Sport24-ի հետ զրույցում նա ասել է. «Ջանոյի նման որակներ ունեցող ֆուտբոլիստին որոշակի պայմաններ ու գործոններ են հարկավոր լրիվ չափով դրսեւորվելու համար: Տուր նրան «Բարսելոնային», որը համապատասխանում է ոճով ու փիլիսոփայությունով, Ջանոն կլիներ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Իր տեխնիկայով նա հանգիստ կարող էր խաղալ անհամեմատ բարձր մակարդակում: Բայց երբ դու խաղում ես ֆուտբոլ, երբ գնդակը հազվադեպ է լինում քո թիմի մոտ, երբ ստիպված ես լինում պաշտպանվել ու ավելի ուժային ֆուտբոլ խաղալ, դժվար է բոլոր լավագույն որակներդ ցուցադրելը»:
Անանիձեն «Սպարտակում» խաղացել է 2009 թվականից մինչեւ 2020 թվականը: Նա հիմա հանդես է գալիս Կիպրոսի «Անորտոսիսում»:
Օզբիլիսը Մոսկովյան ակումբի անդամ եղել է 2013-2015 թվականներին: Նա խաղացել է նաեւ «Այաքսում», «Կուբանում», «Բեշիկթաշում», «Ռայո Վալյեկանոյում», «Շերիֆում», «Վիլելմ II»-ում: Հիմա Արաս Օզբիլիսը ներկայացնում է Երեւանի «Փյունիկը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ