Մայիսի 24-ին քաջարանցիների ինքնաբուխ հավաքից հետո, ոստիկանությունը մայիսի 25-ին շարունակում է պաշարած պահել Քաջարանի փողոցները։
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվեցին քաջարանցի 4 երիտասարդներ, իսկ ժամեր անց նրանցից մեկը՝ Նվեր Խաչատրյանը մարմնի վրա առկա բռնության հետքերով ազատ արձակվեց։
Ըստ իրավապահների՝ սխալմամբ էին նրան բերման ենթարկել։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությամբ’ բռնության փաստի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել։
Ըստ քաջարանյան մեր աղբյուրի՝ տեղացի ոստիկանները փորձում են համոզել Նվեր Խաչատրյանին ու նրա հարազատներին հետ վերցնել բռնության վերաբերյալ բողոքը։
Կարդացեք նաև
«Ամենուրեք ոստիկաններ են։ Կրկնակի արտակարգ դրություն է Քաջարանում։ Ի՞նչ են ուզում ասել սրանով։ Քաջարանցին աշխատավոր մարդ է ու զբաղված է իր գործով։ Հերիք է խաթարեն մեր անդորրը։ Մենք պայքարելու ենք անարդարության դեմ ու էլի պատրաստ ենք մեր ձայնը բարձրացնել հանուն ճիշտ քննության ու շանտաժով մարդ փակելուն»,-ասաց մեր զրուցակիցը։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Հ. Գ. Քաջարան համայնքի ավագանին հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Երեկվա ինքնաբուխ հավաքն ըստ էության ավարտվեց, քանի որ ՀՀ ոստիկանապետը անձնական երաշխավորություն տվեց առ այն, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։
Այսօր սակայն ոստիկանական հատուկ ուժերի գործողության արդյունքում Քաջարանում վիճակը շարունակում է մնալ լարված։ Ոստիկանները ամեն կերպ փորձում են համոզել սխալմամբ ձերբակալված և բռնության ենթարկված մեր համաքաղաքացու հարազատներին, որպեսզի ոստիկանությունից հետ վերցնեն բռնության փաստով ներկայացված իրենց արդարացի բողոքը։
Ստեղծված իրավիճակում մեր համաքաղաքացիներին կոչ ենք անւմ որևէ կերպ չտրվել սադրաքների, իսկ ոստիկանությանը՝ դադարեցնել ապօրինությունը և վերացնել իրենց գործողությունների հետևանքով քաղաքում առաջացած արհեստական լարված մթնոլորտը։
Մենք հետևողական ենք իրավիճակի զարգացումներին և արձագանքելու ենք ըստ անհրաժեշտության»: