Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» բոյկոտն ավարտում է, բայց երաշխիք չունի, որ էլի չեն ծեծի. «Հնարավոր է որեւէ մեկը թիկունքից խփի, պիտի ուշադիր լինես, նայես հետ, նայես առաջ»

Մայիս 25,2020 15:31

Ինչպես հայտնի է, ԱԺ-ում ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր ու չէր մասնակցում նիստերին:

Այսօր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Ուզում եմ արձանագրենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունից հետո մենք ակնկալում ենք քաղաքական գնահատական, ինչը չտրվեց ու ամենաբարձր մակարդակում արդարացվեց: Ընդդիմադիր, քննադատական խոսքը գնահատվեց որպես սադրանք: Հիմա պիտակավորված է՝ տարբեր հարթակներում քննադատական խոսքը ասում են սադրանք: Գործող իշխանությունը ամբողջությամբ շեղված է հեղափոխության արժեքներից՝ ժողովրդավարություն, խոսքի ազատություն, ընդդիմախոսության հարգանք… Սա արդեն իրողություն է: Երկրորդը՝ շաբաթ օրը ՀՔԾ-ն մամուլի հաղորդագրություն տարածեց, որ քրգործի հարուցումը մերժվել է նյութերով: Մենք բողոք չէինք ներկայացրել, մամուլի նյութերով էին քրգործ հարուցել, մեզ կանչել են, բացատրություն ենք տվել ես, մեր խմբակցությունից պատգամավորներ, ենթադրում եմ, որ «Իմ քայլը» դաշինքից: Վերջում ասվում է, որ մերժվել է, քանի որ մի հարված է ամեն մեկը տվել: Հիմա հումոր են սարքել, ասում են՝ որ մի տասը հոգով մեկին ծեծեն, ամեն մեկը մի հատ խփի, ուրեմն քրգործ չի հարուցվի»:

Ըստ Մարուքյանի, իշխող ուժն արդարացնում է մարդկանց հետեւից խփելը, իրավական գործընթացները իրավունքի գերակայության համատեքստում չեն, եթե ընդդիմությանն են բռնության ենթարկում, այլ գնահատական են տալիս, քան կտային իշխանական պատգամավորի նկատմամբ բռնության դեպքում:

Մարուքյանը հայտարարեց. «Պատրանքներ չունենան, թե «Լուսավոր Հայաստանի» քաղաքական օրակարգը կարող են շեղել»: Նա ասաց, որ իրենց ընտրողների ձայնը ԱԺ-ում ու տարբեր հարթակներում հնչեցնելու են եւ եթե թվում է, որ բռնությամբ իրենց ձայնի տեմբրը կիջեցնեն՝ չի լինելու նման բան, խորը հիասթափություն է լինելու:

Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ զարհուրելի տեսարան էր, որ իրենց ընտանիքները, երեխաները տեսան, թե ինչ է կատարվում օրենսդիր մարմնում ու ասաց. «Հայաստանում ժողովրդավարությունը նահանջ չի ապրելու, բայց յուրաքանչյուր կաշկանդված փորձ, որ սա ասելու համար վտանգ կլինի, արդեն իսկ վտանգ է»:

Հարցին՝ դուք ասել էիք, որ ձեզ անվտանգության երաշխիքներ են պետք, ունե՞ք նման երաշխիքներ՝ Մարուքյանը պատասխանեց, որ որեւէ երաշխիք իրենց չեն տվել. «Հնարավոր է որեւէ մեկը թիկունքից խփի, պիտի ուշադիր լինես, նայես հետ, նայես առաջ: Մեր ազգը գիտի՝ եթե որեւէ բան չի դատապարտվում, նորից կարող է կրկնվի, խրախուսվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031