Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավել դժվար է ատելության խոսքը կարգավորել, որը պարզ չէ՝ ատելության խո՞սք է, խտրականության խո՞սք, թե՞ մանիպուլյատիվ խոսք». Արա Ղազարյան

Մայիս 25,2020 15:19

«Ատելության խոսքը Հայաստանում նոր երևույթ չէ: Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում այդ խոսքի տարածումն էլ ավելի է շատանում և վտանգավոր դառնում»,-«Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրական ուղիները ՀՀ-ում» թեմայով տեսաքննարկմանը հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նա փաստեց՝ ատելության խոսքը կարող է հանգեցնել ատելության հիմքով հանցագործությունների: Պատգամավորը տեղեկացրեց՝ ստեղծել են աշխատանքային խումբ, որը զբաղվում է ատելության խոսքի կանխարգելման հարցերին առնչվող քննարկումներով: Խմբում են պատգամավորներ, քաղհասարակության, պետական և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Սարգիս Խանդանյանն այս առիթով մանրամասնեց. «Քննարկում ենք հարցեր՝ արդյոք օրենսդրական բացը միայն քրեական օրենսգրքո՞ւմ է, թե՞ նաև քաղաքացիաիրավական հարաբերություններում ևս պետք է փոփոխություններ լինեն, ուսումնասիրում ենք միջազգային փորձն ու փորձում գտնել լավագույն տարբերակը: Մինչև տարեվերջ ինչ-որ բանաձև կունենանք, որը հնարավորություն կտա արդյունավետ մեխանիզմներ գտնել ատելության խոսքի դեմ պայքարում»:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ ատելության խոսքը կարգավորելն առավել դժվար է ոչ թե քրեական բնույթի ատելության խոսքը կարգավորելիս, այլ առավել դժվար է այն խոսքը կարգավորել, որը պարզ չէ՝ ատելության խո՞սք է, խտրականության խո՞սք, թե՞ մանիպուլյատիվ խոսք: Իրավաբանը վստահեցրեց. «Դրանց կարգավորումը քրեաիրավական մեխանիզմով չպետք է արվի: Երբ կունենանք հակախտրականության մասին օրենքը, արդեն մենք կարող են հաջողությամբ պայքարել անհանդուրժողականության կամ խտրական խոսքի դեմ: Բոլոր օրենքներում, որոնք կարգավորում են հրապարակային խոսքի հարցը, հակախտրականության բանաձև պետք է դրվի: Ամփոփեմ. քրեաիրավական տիրույթը օրենսդրական ճիշտ ճանապարհի վրա է, նոր նախագիծը լավ գործիքներ է տալիս, իսկ քաղաքացիաիրավական տիրույթում հակախտրականության մասին ընդհանուր օրենք պետք է ընդունվի, և առանձին օրենքներում տեղադրվեն այդ բանաձևերը»:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը կարևորեց այն, որ վերլուծվի այն ամբողջ մշակութաբանական և ստեղծված մթնոլորտն ու միջավայրը, որում հայտնվել ենք. «Ես խորապես համոզված եմ, որ այդ վերլուծությունը ցույց կտա ոչ միայն օրենքով սահմանված պատժելու կարգավորումները, գործողությունները, այլև համոզված եմ, որ օրենսդրական մասը կկազմի շատ ավելի փոքր հատված: Կուզեի փորձեինք հասկանալ ու խոսել՝ ինչո՞ւ ունենք այս իրավիճակը, ո՞նց ստացվեց, որ երկու տարի առաջ ամբողջ հասարակությունը դուրս եկավ իր արժանապատվության համար պայքարի, և այդ պայքարում չկար այդ ատելության խոսքը, թշնամանքը: Ինչպե՞ս եղավ, որ դրանից առաջ էլ, երբ ունեինք կոռուպցիայի հետ կապված լուրջ իրավիճակ, ապրիլյան պատերազմ, էլի չունեցանք այդ ատելությունն ու թշնամանքը: Երբ կա ատելության խոսք, նշանակում է, որ կա սուբյեկտ, որին ուղղվում է ատելության խոսքը: Այդ սուբյեկտները դարձնում են թիրախ, որի հաջորդ քայլը ատելության խոսքն է, մինչդեռ երկու տարի առաջ այս օրերին մեզ մոտ միայն սերն ու հանդուրժողականությունն էր, և չկար ատելության խոսք: Անհատին մերժելը ատելություն չէր, այլ շահն էր արժանապատվության»:

Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» Հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Եվա Թովմասյանի համոզմամբ՝ ատելության խոսքի կանխարգելումը ոչ միայն օրենսդրություն է, այլև հայկական հասարակության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ դա ընդարձակ կրթական աշխատանք պետք է լինի հասարակության ամենատարբեր սեկտորների հետ, մինչև անգամ բացատրելը, թե ինչ է ատելության խոսքը, որտեղ է կարմիր գիծը, որտեղից այն կողմ սկսվում է ատելության խոսքը: Նա նաև հայտնեց, որ այսօր աշխարհի տարբեր երկրներում ատելության խոսքը դարձել է պոպուլիստ դերակատարների զենքը ժողովրդավարական բարեփոխումների, ազատության ուղու դեմ: Ուստի այս առումով կարևորեց ոչ միայն ատելության խոսքի սկզբնավորման դեմ պայքարը, այլև օրենսդրական փոփոխությունները:

Փաստաբան Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ ատելության խոսքի դեմ պայքարում պետությունը չպետք է լինի դիտորդի կարգավիճակում: Նա համոզված է. «Բացարձակ լիբերալիզմից պետք է անցում կատարել ավելի ակտիվ պետական մասնակցություն: Այսօր, ըստ էության, ատելության խոսքը հատկապես համացանցային տիրույթում դարձել է բոլոր էթիկական և իրավական սահմանումներն անցնող խնդիր, մինչև անգամ այն արդեն վերածվում է ազգային անվտանգության խնդրի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031