Վրաստանում ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Չենգիզ Ցերցվաձեն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը և դրան հաջորդած նախարարության բացատրությանը, ըստ որի Վրաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մասին Թորոսյանի խոսքերը սխալ են մեկնաբանվել:
«Ինչպես գիտեք, ՀՀ առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանը ընթացիկ տարվա մայիսի 22-ին, մեղմ ասած ոչ կոռեկտ և իրականությունից տարբերվող հայտարարություն է արել Վրաստանի վերաբերյալ: Դրանից հետո ՀՀ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ պարոն նախարարը նման բան չի ասել, իսկ նրա հայտարարությունները, ցավոք սրտի, սխալ են մեկնաբանվել լրատվամիջոցների կողմից: Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա ապատեղեկատվության ևս մեկ փորձ է, քանի որ ես անձամբ եմ լսել պարոն Թորոսյանի խոսքը, որում նա առանց որևէ հիմքի հայտարարում է, որ իրենց «հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է: Նա նաև կասկածներ է հայտնել Վրաստանում իրականացվող թեստերի որակի, թեստավորման մեթոդաբանության, ինչպես նաև տրամադրվող վիճակագրության վերաբերյալ»,-հայտարարել է Ցերցվաձեն:
Նրա խոսքով՝ ծիծաղելի է նման բան լսել մի երկրի առողջապահության նախարարից, որտեղ վերջին երկու օրերի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 700 դեպք:
Չենգիզ Ցերցվաձեն հիշեցրել է, որ Վրաստանն առաջին երկրներից է, որտեղ կորոնավիրուսն ախտորոշել են PCR թեստերով: «Հետևաբար, կրկին կարծում եմ, որ պարոն Թորոսյանի պատասխանատվությունից խուսափելու փորձերը, անարդյունք են, և նա պետք է հիմնավորի իր գնահատականները կամ հրաժարվի իր հայտարարություններից և ներողություն խնդրի»,-հավելել է Ցերցվաձեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ