Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկում են՝ Քաջարանի համայնքապետը կազմակերպե՞լ է, դրդե՞լ է, թե՞ ինքն է կատարել առեւանգումն ու ծեծը». Արմեն Խաչատրյանը՝ բանդա է կոչում Կապանի գործի մասնակիցներին

Մայիս 25,2020 14:56

«Քաջարանի համայնքապետը չի կարող գնահատական տալ այդ գործողություններին: Նա կարող է ընդամենը գնահատական տալ՝ որպես քաղաքացի, իր կարծիքն արտահայտել: Բայց գործի քննության ընթացքում կպարզվի հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, բոլոր փաստական հանգամանքները եւ վստահ եղեք՝ բոլորը դատարանի առաջ պատասխանատվություն կկրեն»,- Կապանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց:

Լրագրողները փոխանցեցին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարցով լուրեր են շրջանառվում, որ ուզում են ձեռքներից վերցնեն ու շրջանառվում է իմքայլական Սիփան Փաշինյանի անունը, քաղաքական ենթատեքստ չկա՞՝ Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Ի՞նչը ձեռքից վերցնի: Քրգործը հարուցվել է անձի առեւանգման փաստով: Մի խումբ անձանց կողմից՝ բանդայի դրսեւորմանը շատ նման, անձի առեւանգման փաստով հարուցվել է քրգործ, մեր հանրությունը պետք է տեսնի, որ անձին առեւանգելու, ծեծելու, խոշտանգելու համար մարդիկ կրելու են պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են աշխատում, համայնքի ղեկավար են, թե ղեկավար չեն, ինչ ստատուս ունեն, կամ ինչ նյութական կարողություններ ունեն: Այդ բոլորը պետք է բացառվի եւ այն, թե ինչ կարծիք ունեն ընդհանրապես հարազատները այդ քրգործի հետ կապված: Գործը քննվում է, փաստաբաններ կան ներգրաված, ոչինչ չի կարող խոչընդոտել գործի քննությանը»:

Լրագրողների դիտարկմանը՝ ձեր ասածից ենթադրելի է, որ իրավապահ համակարգը գործ ունի քրեական տարրերի հետ՝ Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Դա իմ կարծիքն է: Եթե անձը ձերբակալվում է, հետեւաբար կասկածվում է հանցագործության մեջ, ուրեմն կան հիմնավոր կասկածներ»:

Թե ինչու այսպես մեծ աղմուկ բարձրացավ, շահերի բախում կա՞, սա ի՞նչ հարց է՝ տնտեսական, քաղաքական, թե այլ՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ աղմուկը բարձրացնողներին պետք է հարցնել. «Կարծում եմ, որ անձնական եւ մի շարք շահերով պայմանավորված է, աղմուկը սրանով է բացատրվում: Մի շարք ռեսուրսներ ունենալու պատճառով է: Մարդիկ այսօր ունեն ռեսուրսներ, նյութական, դրամական եւ ինչու չէ՝ պաշտոնական եւ այլ ռեսուրսների օգտագործմամբ՝ փորձում են քրեական գործի քննությունը փակուղի մտցնել: Գործի քննությունը տարվում է այդ ուղղությամբ՝ Քաջարանի համայնքապետի մասնակցության աստիճանը որոշելու համար: Հանցագործության մեջ կա այդպիսի քննչական վարկած ու այսօր նաեւ քննարկում են այդ հարցը, թե նրա մասնակցություն ինչքան է եղել՝ կազմակերպե՞լ է, օժանդակե՞լ է, դրդե՞լ է, թե՞ ինքն է կատարել: Այդ խնդիրները պետք է քննությամբ պարզեն ու արդեն պարզ է բողոքի ցույցի իմաստը»:

Ճշտեցին՝ այսինքն, դուք պնդում եք, որ ինքնաբո՞ւխ չէր երեկվա ցույցը՝ նա պատասխանեց, որ ոչ. «Եթե ինքնաբուխ լինեին, ամեն քրեական գործի դեպքում 100-200 հոգի կհավաքվեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031