Ներկայումս բանանի հայաստանյան շուկայում փոքր գնաճ կա: Այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում այսօր հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: «Գնաճի հետ կապված առանձին գործընթաց կնախաձեռնենք, բայց խաղացողների քանակը բավականին մեծ է, ուստի մենաշնորհի մասին խոսք չկա: Հիմնականում երկու տեսակի բանան ենք դիտարկում»,-նշեց Գեւորգյանը:
Նա ասաց, որ ներկայում «Դոլ» տեսակի բանանի գինը 770-750-630դր է. «Մոտ 120-130 դրամով թանկացել է: Մենք կդիտարկենք եւ կարձանագրենք, թե արդյոք ներմուծման գները բարձրացվա՞ծ են եղել: Բայց մենաշնորհ, 100%-ով կարող եմ ասել, որ չկա»:
Պատգամավորներից մեկի հարցադրմանն ի պատասխան Գեւորգյանը նաեւ ասաց, որ «Քեթրին գրուպ»-ը եւս շարունակում է բանան ներմուծել, եւ գնաճը նաեւ նրա ապրանքին է վերաբերում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային