Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դիմակները վաճառվեն ավտոմատ-սարքերով, գինը մոտ 100 դրամով էժան կլինի». ՏՄՊՊՀ նախագահ

Մայիս 25,2020 14:15

ՏՄՊՊՀ-ն իրականացրել է դիմակների շուկայի ուսումնասիրություն, դիտարկվել է դեկտեմբեր-մայիս ժամանակահատվածը: «Դեկտեմբերին դիմակի գները կարծես թե կարգավորված էին, խնդիր չկար: Համեմատել ենք բոլոր մանրամեծածախ վաճառք իրականացնող յոթ ընկերությունների գնային քաղաքականությունը: Նախնական պատկերը հետեւյալն է. դիմակի ներկրումը, միանշանակ, թանկացել է մոտ տասն անգամ: Բացի այդ, իրականացվում է մեծածախ ձեռքբերում, եւ մարժայի չափը մեզ անհանգստացրել է: Դրա հիման վրա էլ ուսումնասիրելու ենք: Հանձնաժողովը չի կարող մի քանի օրում դա անել»,-խորհրդարանական լսումների ընթացքում այսօր ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանում, օրինակ, դիմակներն ավելի թանկ են, քան ՀՀ-ում, իսկ Վրաստանում՝ փոքր ինչ էժան. «ՀՀ-ում դիմակի ամենաբարձր գինը, որը ֆիքսել ենք, 220 դրամն է: Հասարակ դիմակի՝ լայն սպառման տեսակի մասին է խոսքը: Կա երկու արտադրություն, որոնց ինքնարժեքի գները չեմ հրապարակի, առեւտրային գաղտնիք է»:

«Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ահազանգեց, որ մարզերում իրավիճակը խնդրահարույց է. եթե Երեւանում դիմակը կարելի է 100-150 դրամով գնել, ապա մարզերում սովորական խանութներում վաճառվող դիմակների գներն ավելի բարձր են դեղատներում վաճառվողներից:

Գեղամ Գեւորգյանը համաձայնեց՝ մարզերում գինն ավելի թանկ է, որովհետեւ միջնորդներ են գործում. «Գաղափար կա, որ հանրային վայրերում դիմակներն ավտոմատ-սարքերով վաճառենք: Պարետատանը քննարկելու ենք դա: Արդյունքում, կարծում ենք, դիմակի գինը մոտ 100 դրամով կիջնի, որովհետեւ միջնորդները դուրս կգան»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս դիմակներից խոսեց. «Անգամ եթե համաշխարհային վարակի պայմաններում ուղեւորափոխադրումներն են թանկացել, ինչն ազդում է դիմակի հումքի գների վրա, որեւէ կերպ չեմ կարողանում հաշվարկել, թե ինչպե՞ս պետք է այսքան կտրուկ թանկանար այս դիմակը: Վառ երեւակայություն է պետք հասկանալու, թե ինչպես է դիմակի գինը հասնում 220 դրամի: Ինձ համար էլ է դժվար հասկանալ, թե դիմակի գինն ինչպես կարող է գերազանցել 70 դրամը»:

Գեղամ Գեւորգյանը պարզաբանեց. «Եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված դիմակի գինը եղել է 13 դրամ, ապա մայիսին՝ 116: ՀՀ ներմուծված պարագաների՝ հումքի գինը եւս թանկացել է: Համաշխարհային շուկայում դիմակների դեֆիցիտ էր: Այո, կան տնտեսվարողներ, որոնք իրավիճակից օգտվելով փորձել են ավելի շատ շահույթ ստանալ, բայց չի եղել իրավիճակ, երբ նրանք ձեռք բերեն 5, իսկ վաճառեն՝ 150 դրամով: Խոսքն այն մասին է, որ 120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է 220 դրամով՝ բոլոր հարկերը ներառյալ: Եթե հարկերը հանենք, մոտ 40-50 դրամ շահույթի մասին է խոսքը: Վարույթ է հարուցվել, ձեռնոցների շուկայում՝ եւս, թեեւ աննշան է գնի բարձրացումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031