Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը՝ «դագաղի մեխերը խփելու», տեղակալի եւ Սմբատ Գոգյանի մասին

Մայիս 25,2020 14:05

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ասաց, որ կորոնավիրուսը լուրջ խոչընդոտներ է ստեղծում բնականոն աշխատանքի համար, բայց փորձում են հաղթահարել դրանք, թեեւ ոմանք շեղում են նախարարությանը:

Ասաց նաեւ, որ ուղիղ եթերի կարիք չէր լինի, եթե հերթական աղմուկը չլիներ: «Մամուլով, տարբեր օգտատերերի, որոշ մարդկանց շուրթերով՝ նախարարությունում հովանավորչության մասին խոսակցություններ են գնում, ու արդեն հոգնեցուցիչ են այն գործընթացները, որոնց ընթացքում պետք է անընդհատ հերքումներ տանք: Ես դեռ ընդդիմադիր ժամանակվանից ունեի մի սկզբունք, որ եթե հոգեցունց զարգացումներ չեն լինելու, անընդհատ հերքումներ չտրվեն»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

Նրա ձեւակերպմամբ. «Հովանավորչությունը ստուգելու, պարզելու լավագույն ցուցիչներից մեկն այն է, թե տվյալ պաշտոնյայի պաշտոնավարման ժամանակահատվածում նրա հարազատներից, բարեկամներից, ընտանիքի անդամներից ովքե՞ր են աշխատանքի անցել: Ես ավելի քան երկու տարի նախարար եմ, խնդրում եմ՝ ամենայն մանրամասնությամբ եւ մանրակրկիտ ուսումնասիրել, թե ինչ է փոխվել իմ հարազատների, ընտանիքի անդամների, ընկերների կյանքում: Կտեսնեք, որ ոմանց կողմից ներկայացված հովանավորչությամբ զբաղվողի ընտանիքում բոլորն իրենց գործին են, նրա ընկերների հարազատների կյանքում որեւէ բան չի փոխվել»:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի այն հայտարարությանը, որ թեեւ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, սակայն ռեկտորի պաշտոնակատարն առայսօր զբաղեցնում է իր պաշտոնը՝ հովանավորվելով ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից;

«Շատ քչերն են ասում, որ արտագրությունների եւ թարգմանությունների ֆիքսման փաստը արձանագրվել է իմ կողմից ստեղծված հանձնաժողովում, եւ այստեղ արդեն հովանավորչության մասին խոսելը աբսուրդի ժանրից է: Բայց այս հայտարարությունը առերեւույթ կարող է վկայել ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարքներ:

Հետեւաբար, ես սրանով խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում եւ ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասին»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

«Կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ, միաժամանակ նախազգուշացնելով Քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին: Այսինքն, եթե այս մարդն ասում է, որ այստեղ հանցակազմ կա, հանցագործության մասին հայտարարություն է անում, ինքը նաեւ պետք է հասկանա, որ եթե չի կարողանում ապացուցել, ուրեմն դա, ըստ էության, զրպարտություն է: Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, կամ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար պատասխանատվության կենթարկվի:

Իրավական պետությունում այլ ելք լինել չի կարող, քան սույն իրավիճակը իրավական ճանապարհով լուծելու տարբերակը, եւ այս պահից սկսած՝ բոլոր անբովանդակ քննարկումներին վերջ տալու համար, որպեսզի կարողանանք այս բարդ փուլում՝ արտակարգ դրության փուլում արհեստական խոչընդոտներ չհարուցել կառավարության գերատեսչություններից մեկի համար»,-հավելեց նա:

Նախարարն անդրադառնալով տնտեսագիտական համալսարանին, ասաց, որ առաջիկա օրերին մրցույթ կհայտարարվի, իսկ Դիանա Գալոյանին կոչ արեց հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից՝ տարբեր ասեկոսեներից զերծ մնալու եւ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի ստվերումը զրոյացնելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031