Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 3-4 աշխատակցի ստիպում են ազատման դիմում գրել, նրանք պնդում են, որ Մարությանի կնոջը հաճախ տեսել են ՀՈԱԿ-ում

Մայիս 25,2020 13:54

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում կատարվում է կադրային ջարդ, նոր տնօրենը չի խնայում նույնիսկ հղի կնոջը: Այսպես նկարագրեցին ՀՈԱԿ-ում տիրող իրավիճակը Վերնիսաժի հարեւանությամբ այսօր առավոտյան բացօթյա ասուլիս հրավիրած աշխատակիցները:

«Մեկ ամիս չկա, որ աշխատում է, ասում է՝ դիմում գրեք՝ ազատվեք եւ պարտավորված չի զգում բացատրելու՝ ինչով են պայմանավորված ազատումները: Երբ հարցնում ենք, ասում է՝ ՀՈԱԿ-ի անվտանգության համար»,- ասաց աշխատակիցներից մեկը: Նրանց խոսքով, ՀՈԱԿ-ի տնօրենից պահանջել են մասնագիտական թերացումների վերաբերյալ փաստեր, սակայն նա չի ներկայացրել: Այս պահին դիմում գրելու պահանջը երեք աշխատակցի նկատմամբ է՝ ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի՝ Արթուր Աղաբեկյանի, եւ աշխատակիցների, որոնք երեք ամսյա փորձաշրջան էին անցնում:

Արթուր Աղաբեկյանի խոսքով, այս խնդիրներն առաջացել են ապրիլից, երբ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ազատվել է պաշտոնից. «Ապրիլի 28-ին բերեցին նոր տնօրենին՝ Արա Աղայանին եւ սկսվեց այն քաոսը, որը մինչեւ այսօր շարունակվում է: Առաջին օրվանից նրա բերած մարդիկ սկսեցին չբարեւել անձնակազմին: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը՝ Վահե Խաչատրյանը բոլորիս խոստացավ, որ կադրային ջարդ չի լինելու, բայց մինչ օրս տնօրենը ոչ մեկիս հետ չէր ծանոթացել»:

Ասուլիսի կազմակերպիչները նշեցին, որ եռամսյա փորձաշրջանի ժամկետը լրացել է, ազատումը օրենքի շրջանակում է, բայց իրենք տեղյակ չեն եղել, որ պատրաստվել են ծանուցումներ, որոնք ուղարկվելու են աշխատակիցներին:

ՀՈԱԿ-ի կադրերի բաժնի ղեկավարն ասաց, որ նման վերաբերմունքն անընդունելի է համարում ցանկացած աշխատակցի նկատմամբ. «Գոյություն ունեն կանոններ, կորպորատիվ էթիկա, որը պետք է պահվի ցանկացած դեպքում: Սրանք այն աշխատակիցներն են, որոնք ընտրվել են ռեզյումեներով, եկել են դրսից, ոչ մի ծանոթ չեն ունեցել եւ ընդունվել են աշխատանքի: Նրանք այն աշխատակիցներն են, որոնք կորոնավիրուսի, հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում իրենց սեփական միջոցներով ներկայացել են աշխատանքի եւ չեն դիմել գործատուին իրենց տեղափոխումը ապահովելու»: Աշխատակիցների խոսքով, այս ամիսների ընթացքում աշխատել են վատ պայմաններում, մի քանի հոգով մեկ-երկու սենյակում:

Նրանք վիրավորված են, որ ՀՈԱԿ-ի նոր տնօրինությունը աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել:

Կադրերի բաժնի ղեկավարն ինքն է ազատման դիմում գրել, քանի որ գտնում է, որ որոշ պարտավորություններ ունի ընդունած կադրերի առջեւ:

Արթուր Աղաբեկյանն ասաց, որ այդ ամիսների ընթացքում նրանց նկատմամբ անարդարություններ են կատարվել՝ քաղաքապետարանի «բեյջեր» չեն տրամադրվել ՀՈԱԿ մտնելու համար. «Վետո էր դրված բոլոր ուղղություններով, բայց չորս ամիս մենք շարունակեցինք աշխատել: Այս ծառն ու ծաղիկը քաղաքում, որ կա, այդ աշխատանքի արդյունքն է: Նոր տնօրենին բերեցին, նոր սկսեցին քաղաքի կանաչապատումից խոսել: Ներկայացրին այն աշխատանքը, որը նախկին տնօրենի օրոք էր արվել: Նախկին տնօրենի հետ գնաց նաեւ ֆինանսական գծով տեղակալը, գնումների բաժնի աշխատակիցը»:

Հարցին՝ այն, ինչ-որ Արմեն Բեգոյանն ասում էր քաղաքապետի տիկնոջ վերաբերյալ, արդյոք ճիշտ էր, հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն ասաց, որ Բեգոյանն ամեն ինչ ասել է ինքն ավելացնելու բան չունի, սակայն նշեց, որ քաղաքապետի տիկնոջն իրենց ՀՈԱԿ-ում տեսել են: Արթուր Աղաբեկյանը հավելեց, որ ըստ խոսակցությունների, Մարությանի կինը նաեւ իր պաշտոնի համար է թեկնածու ունեցել, սակայն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը դեմ է գնացել եւ լարված հարաբերությունների պատճառներից մեկն էլ հենց դա է եղել. «Այսինքն՝ հին տնօրենը նրա ձեռքում խամաճիկ չդարձավ»:

Ասուլիսին ներկա էին նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության եւ «Լույս» դաշինքի անդամները, որոնք պետք է հանդիպեն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ աշխատակիցների ծանուցման իրավական հիմքերը քննարկելու:

ՀՈԱԿ-ի տնօրինությունը աշխատակիցների բողոքի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց՝ նշելով, որ որեւէ հղի կին աշխատանքից չի ազատվել. «Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ում կադրերի կառավարումը տեղի է ունենում ՀՀ օրենսդրության սահմաններում: Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում այս կամ այն աշխատակցի աշխատանքի արդյունավետությունը գնահատվել եւ հետագա համագործակցության նպատակահարմարությունը որոշվել է բացառապես ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան: «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ից վերջին մեկ ամսվա ընթացքում հղի կին չի ազատվել, ազատման ծանուցում կամ բանավոր առաջարկ որեւէ հղի կին չի ստացել: Այդ թվում, խոսքը հաշվապահությունում աշխատող տիկնոջ մասին է, որը շարունակում է իր աշխատանքը բնականոն ընթացքով»:

Ըստ ՀՈԱԿ-ի տնօրինության՝ «Աշխատանքի ազատման ծանուցում ստացած աշխատակիցները կարող են իրենց շահերի պաշտպանության համար գործի դնել տարբեր միջոցներ՝ բացօթյա ասուլիսներ, դատական հայցեր եւ այլն, սակայն կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելու փորձերը անթույլատրելի են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031