Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամրցակցություն՝ շաքարի ու կարագի շուկայի խոշոր խաղացողների կողմից. ընթանում են վարույթներ

Մայիս 25,2020 13:10

Կարագի շուկայում ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018-2019թթ. հարաբերակցությունը՝ կենտրոնացվածությունը, 79-ից իջել է 69%-ի: Սա շատ ուրախալի չէ, որովհետեւ շուկան դեռեւս բարձր կենտրոնացվածություն ունի: Սակայն մեկ տարում տասը տոկոսի նվազումը համարվում է լավ ցուցանիշ, դա մրցակցության բարելավման արդյունք է»,-խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019թ.-ի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ այսօր ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ մրցակցության զարգացման արդյունքում կարագի գինը 2018-2020թթ. նվազել է 17%-ով՝ 4430 դրամից դառնալով 3680դր. «Վերջերս մի հրապարակմամբ մեր թվերը կասկածի տակ էին դրել: Տեղեկացնեմ, որ մենք դիտարկում ենք ամենալայն սպառման կարագի տեսակը, համեմատում փաստաթղթային թվերը եւ խանութում վաճառքի գինը: Գնի վրա բոլոր ազդեցությունները հաշվի ենք առնում: Չենք ասում, որ կարագի գնի իջեցման համար պետք է շնորհակալ լինել հանձնաժողովին: Ոչ, որովհետեւ համաշխարհային տնտեսական փոփոխությունների արտացոլումը ՀՀ շուկայի վրա կա, եւ դա է մեր գործը: Երբ աշխարհում ապրանքի գինն իջնում է, ՀՀ-ում եւս պետք է իջնի: Այսինքն, մեր խնդիրը տնտեսական ճիշտ ազդակներին հետեւելն է»:

Ապա Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց՝ կարագի հայաստանյան շուկայում խտրական վերաբերմունքի դրսեւորման առթիվ հարուցվել է վարույթ, որը կորոնավիրուսի պատճառով փոքր ինչ հետաձգվել է. «Վարույթն առաջիկայում կավարտվի: Գերիշխող դիրքով տնտեսվարողների կողմից իրացման ցանցերում անհավասար պայմաններ առաջարկելու խնդիրն է քննարկվում»:

Ինչ վերաբերում է շաքարավազին, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ երկու առաջատար ընկերությունների մասնաբաժինը շուկայում 82-ից դարձել է 79%. «Սակայն հետաքրքիր է գների դինամիկան: Շաքարը 335 դրամից մի պահ դարձավ 189 դրամ, հետո կարգավորվեց եւ դարձավ մինչեւ 255 դրամ: Այս պարագայում էլ հակամրցակցության հիմքով վարույթ կա հարուցված: Մեր համոզմամբ՝ ՀՀ-ում դեկտեմբեր-հունվար-նոյեմբեր ամիսներին 200 դրամով շաքար վաճառելը չի արտահայտում տնտեսության վիճակը, եւ գուցե միտված է նոր տնտեսվարողներին շուկայից դուրս հանելուն, կամ էլ շաքարի միջոցով սուպերմարկետները կարողանում են ներգրավել մեծ թվով հաճախորդներ: Մինչդեռ շաքարի ոլորտի փոքր տնտեսվարողներն իրենց նման «շքեղություն» թույլ տալ չեն կարող, ուստի շուկայից դուրս են մղվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031