Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը միակն էր, որ մասնակցում էր առանց դիմակի, չնայած փակ տարածություններում դիմակ կրելը պարտադիր է:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փոխանցեց, որ ֆեյսբուքում արդեն քննադատությունների ալիք է բարձրանում, պահանջում են պատժել ինչպես Պետրոսյանին, այնպես էլ իրեն՝ որպես հանձնաժողովի նախագահ:
Նա հորդորեց դիմակ կրել, սակայն Գեւորգ Պետրոսյանը որեւէ կերպ չարձագանքեց:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ձեր՝ դիմակ չկրելը՝ պատասխանեց. «Ես ընդհանրապես դիմակ չեմ կրում: Դա պարտադիր բնույթ չունի, ես դիմակ չեմ կրում»: Դիտարկմանը, որ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Դրա մասին մտածողները ուրեմն թող նիստ չանեն: Էդ որտեղ պետք է, մարդիկ հավաքվում են, 20-30 հոգով քեֆ են անում առանց դիմակների, հիմա 10 հոգու մեջ մի հոգու դիմակ չկրելն այդքան վտանգավո՞ր է»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ վտանգում է ուրիշների առողջությունը՝ Պետրոսյանը պատասխանեց. «Ես որեւէ մեկին չեմ վտանգում, էդ հլը հարց է՝ դիմակ կրո՞ղն է իրանից վտանգ ներկայացնում, թե՞ չկրածը: Ես ընդհանրապես դիմակ չեմ կրում»:
Հարցին՝ ձեզ «պալո՞ժ» չի դիմակ կրելը, ինչ-որ «պագոնների» խնդի՞ր է, ինչո՞ւ չեք կրում՝ Գեւորգ Պետրոսյանը չպատասխանեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ