Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում վիճաբանեցին ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Հանձնաժողովի նիստում քննարկվում էր Գեւորգ Պետրոսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում լրացում կատարել եւ վիրավորանքի, արժանապատվությունը նսեմացնելու գործերը քննել ավելի սեղմ ժամկետներում:
Վիճաբանությունից հետո ընդմիջում հայտարարվեց, որից հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ցավում է, որ երբեմն չեն կարողանում իրենց զսպել ու դա դառնում է օրինակ մյուս քաղաքացիների համար. «Շատ ավելի ցավալի է, որ նման միջադեպեր են տեղի ունենում այն ժամանակ,երբ քննարկվում է անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու օրենսդրական ավելի արդյունավետ եղանակի հարցը: Հանձնաժողովում բացառվում է որեւիցե մեկի կողմից մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Ցավում եմ, որ որեւիցե այլ լիազորություն, քան նիստը ընդհատելը եւ այս հարցը փորձել այլ եղանակով հարթելը՝ չունենք: Ցավում եմ, որ կարող են այստեղ ոչ պատեհ արտահայտություններ հնչել մեկս մյուսի նկատմամբ, հարգանքը անձի նկատմամբ… Անընդունելի է այս միջադեպը: Ես ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում՝ հանձնաժողովում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Եթե ուզում եք ձեր տեսակետը հիմնավորել, լավագույն ձեւը հակափաստարկներ ներկայացնելն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ