Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը գալիք օրերի հումանիտար աղետի ահազանգն են. Էլինար Վարդանյան

Մայիս 25,2020 12:24

Կիրակնօրյա երկու զուգահեռ դրվագ մեկ անգամ ևս փաստեցին նոր, սոլիդ իշխանության ձևավորման հրատապությունը։ Երկրում կորոնավիրուսի տարածման ծայրահեղ մտահոգիչ ֆոնին և Կապանում տեղի ունեցող զարգացումների պահին

1.     Երկրի վարչապետը ծառի վրա է, կեռաս է հավաքում

2.     Մարզպետը ինքնախոստովանական հայտարարություն է անում։

Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը գալիք օրերի հումանիտար աղետի ահազանգն են՝ կորոնավիրուսային հիվանդության համար հատկացված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը։ Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ։ Օրական կտրվածքով 300-ից ավելի վարակվածներ, մահեր, բազմաթիվ գործազուրկներ, բիզնեսների փլուզում։ Այս պայմաններում գիտակից, մտահոգ քաղաքացիներն անընդհատ քննարկումների մեջ են, փորձում են հասկանալ՝ ինչպիսի՞ քայլեր ձեռնարկել, աջակցության ինչպիսի՞ մեխանիզմներ ներդնել իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, հանրության լայն շրջանակներում բնազդաբար զարգանում է խուճապ։ Եվ օրը սկսվում է կարևոր լուրով. երկրի վարչապետը կեռասենի է բարձրանում։ Եվ ոչ միայն բարձրանում, այլև նկարում և տարածում սոցցանցերում։ Ժամանակ ունի, հավես ունի…

Մինչ սոցիալական ցանցերում վարչապետի կեռաս հավաքելու նկարն է պտտվում, զուգահեռ զարգացումներ են տեղի ունենում Կապանում։ Ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, քաղաքում զանգվածային ընդվզում է։ Բողոքի դուրս եկածներին ցրելու համար Կապանում ոստիկանության ուժեր են կենտրոնացնում։ Հենց այստեղ էլ, բողոքի ակցիայի ժամանակ հնչում է դարի արտահայտությունը. «Գոնե էսօր գիտեք՝ գործերն օբյեկտիվ են քննվում»։ Սրանք Սյունիքի ներկայիս մարզպետ և նախկինում առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքերն են, որը շատերի մոտ լուրջ և պատասխանատու մարդու տպավորություն էր թողնում բոլոր ժամանակներում։ Բայց այսօրվա Հունան Պողոսյանի ասածի բովանդակությունը զարմանք է առաջացնում ոչ միայն այն առումով, որ բազմաթիվ գործերի քննության օբյեկտիվությունը, մեղմ ասած, շատ վիճելի է, այլ նրանով, որ խոսքերի հեղինակը նախկին առաջին փոխոստիկանապետն է։ Մարդ, ով ի պաշտոնե հսկայական պատասխանատվության իր բաժինն ունի նախկինում քննված գործերի և ոստիկանական բարքերի համար։ Թե ինչով է պայմանավորված «ինքն իր դեմ հայտարարությունը», ինձ համար անհասկանալի է։

Ամփոփելով կիրակին՝ արձանագրենք. կա մեծ տպավորություն, որ իշխանությունները կորցրել են իրավիճակի ճիշտ գնահատման ունակությունը։ Պահվածքը համարժեք չէ ստեղծված իրականությանը։

Անլրջության հետևանք են նաև կորոնավիրուսի այսօրվա խիստ մտահոգիչ թվերը՝ 452 նոր դեպք, 6 մահ։ Եվ այս պայմաններում վարակի դեմ պայքարի միակ գործիք դիմակներն են դիտարկվում։ Դիմակների վերաբերյալ շոուի փոխարեն պետք է տեխնիկական և մասնագիտական օգնություն խնդրել Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, այլ երկրներից, ինչպես ժամանակին օգնություն էին խնդրում մյուս երկրները: Այսպիսի տեմպերով մեր առողջապահական համակարգին կոլապս է սպառնում, իշխանությունները ինքնուրույն չեն կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը։

Մենք մտել ենք Հայաստանի համար վտանգավոր փուլ. մի կողմից՝ համավարակ, սոցիալական և իրավական խնդիրներ, արտաքին վտանգներ, մյուս կողմից՝ անլրջություն ու պարզունակություն։

Եվ այստեղ ակտուալ է «ի՞նչ է պետք անել» հարցը, քանի դեռ չենք հատել անդառնալիության սահմանը։ Նոր, սոլիդ իշխանության ձևավորումը ոչ թե քաղաքական նախասիրություն է կամ քաղաքական պայքարի թեզ։ Ամենևին՝ ոչ։ Դա ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է։ Հանրային ակտիվ շրջանակների կողմից այս գաղափարը ձևակերպվում է՝ թույլ չտալու համար պետության կենսագործունեության ոլորտների կազմալուծում։ Մենք հումանիտար աղետի շեմին ենք։ Մեզ պետք է լրիվ այլ որակի լրջություն և այլ որակի կառավարում։

 

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031