Անբարեխիղճ մրցակցությունը Հայաստանում ամենատարածված խախտումներից է, որը սպառողին մոլորեցնում է, ապրանքի վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկություն հաղորդում: ԱԺ լսումներում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019թ.-ի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ այսօր ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նա նշեց, որ նման խախտումների դեպքերով 57 վարույթ են սկսել 2019թ.-ին. «Շուկաներում սա համատարած երեւույթ է, ուստի նախորդ տարին իրազեկման տարի էր, ոչ թե տուգանքներով պատժելու. տուգանքները մեղմ էին: Առաջիկայում իրազեկմամբ փորձեցինք շուկայի ներկայացուցիչների համար խաղի կանոններ սահմանել»:
Գեղամ Գեւորգյանի խոսքով. «Այս տարի պատասխանատվության միջոցներն ավելի խիստ կլինեն եւ մեծ: Ամենավառ օրինակը կաթնամթերքի շուկան է, մթերքում առկա բուսական յուղի քանակը ոչ ճիշտ ներկայացնելը: Շուտով ուսումնասիրությունը կավարտենք, եւ տնտեսվարողներին առաջարկելու ենք փոփոխություն, որով կարագն ու սփրեդը, բուսական յուղով թթվասերն ու կաթնաշոռն առանձին դարակաշարերում կվաճառվեն: Շատ երկրներում է այդպես: Իրավախախտ սուբյեկտները պատասխանատվության կենթարկվեն»:
Թե ինչպես են նման խախտումները պարզելու, ՏՄՊՊՀ նախագահը նշեց՝ բացահայտումները լինելու են ոչ միայն լաբորատոր հետազոտությունների, այլեւ փաստաթղթային ուսումնասիրությունների միջոցով. «Տնտեսվարողը պետք է ապացուցի, թե, օրինակ, իր ձեռք բերած բուսական յուղն ինչ ճանապարհով է դուրս եկել իր մոտից»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ