Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձե՞զ ով ձայն տվեց, իա՛, մի հատ դուք հլը ձեր չափի մեջ մնացեք». Գեւորգ Պետրոսյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը վիճեցին

Մայիս 25,2020 12:03

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում վիճաբանեցին ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Հանձնաժողովի նիստում քննարկվում էր Գեւորգ Պետրոսյանի նախաձեռնությունը՝ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում լրացում կատարել եւ վիրավորանքի, արժանապատվությունը նսեմացնելու գործերը քնել ավելի սեղմ ժամկետներում:

Նիստին հրավիրված էին դատական իշխանության ներկայացուցիչները: ԲԴԽ դատավոր անդամ Անի Մխիթարյանն ասաց, որ ոչ թե դեկլարատիվ բնույթ պիտի տան խնդրին, այլ պետք է կարողանան լուծում տալ, որը կյանքում հնարավոր լինի իրագործել:

Ի պատասխան՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Էդ որ ասում եք՝ դեկլարատիվ, էդ ո՞վ է թույլ տվել դատավորներին, որ կանգնեն ու պատգամավորների առաջարկները, օրինագծերը դեկլարատիվ կամ որպես ոչ դեկլարատիվ որակեն: Բա էն ժամանակ, երբ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն էր ընդունվում, խի՞ ձեր կարծիքը չէիք հայտնում: Էս ո՞վ է գրել Վճռաբեկ դատարանի նախագահի անունից՝ «Այս ամենն ավելի քան վկայում է այն մասին, որ պատվին, արժանապատվությանը, կամ գործարար համբավին պատճառած վնասի հատուցման գործերը չեն կարող համարվել իրենցից ապացուցողական բարդություն չներկայացնող դատական գործեր…»: Էս ի՞նչ հեքիաթ է գրված: Մարդու արժանապատվությունը անխախտելի է, առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի: Այն, որ պետությունը չի կարող այդքան դատավոր ունենալ, խնդրից մի շեղեք: Դուք էլ շատ լավ գիտեք, որ այդ խնդիրը կա»:

Կողքից միջամտեց իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանը, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բայց ձե՞զ ով ձայն տվեց, իա՛: Մի հատ դուք հլը ձեր չափի մեջ մնացեք: Հանձնաժողովի նախագահ կա: Դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես»: Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացավ. «Ես Նիկոլայ Բաղդասարյանն եմ»: Գեւորգ Պետրոսյանն էլ հեգնեց. «Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում, ի՛»: Բաղդասարյանն արձագանքեց. «Ի էլ, մի բան էլ ավել»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ստիպված եղավ արագ ընդմիջում հայտարարել ու ընդհարումը հաջողվեց կանխել:

Անի Մխիթարյանը զարմացած էր. «Պարո՛ն Պետրոսյան, դուք խոսում եք Վճռաբեկ դատարանի նախագահի գրության մասին ու անվանում եք հեքիաթ: Ես չգիտեմ սա ինչքանով է տեղավորվում ընդհանրապես ինչ-որ բաների մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031