Կապանում քաջարանցիների ցույցն ավարտվեց։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարեց, որ հանդիպել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանի հետ և քննարկել են ստեղծված իրավիճակը. «Վստահաբար ասացին, որ լինելու է քննություն, բռնություն գործադրողների նկատմամբ լինելու է շատ խիստ, օրենքով սահմանված պատասխանատվություն»։
Նա ասաց, որ իրեն երաշխիքներ են տվել, և սրանից հետո ամեն ինչ օրինական է լինելու. «Ինձ նույնիսկ հավատացրեցին, որ մենք միասին կարող ենք գնալ նախաքննական գործընթացներին մասնակցել։ Դուք ինքներդ կհամոզվեք, որ ոչ մի բռնություն որևէ մեկի նկատմամբ չի լինելու»։
Մանվել Փարամազյանը դիմեց հավաքվածներին և խնդրեց հետագա քայլերը որոշել ինքները։ Առաջարկ հնչեց ճանապարհել բերման ենթարկվածներին և գնալ տուն։ Հավաքվածները հարցեր ունեին տված երաշխիքների վերաբերյալ, բայց ի վերջո համաձայնեցին արված առաջարկին։
Կարդացեք նաև
Վերջում ցուցարարները աղոթեցին արդարության և միասնության համար, ինչից հետո բացեցին ճանապարհը ոստիկանության մեքենաների համար, որոնք Երևան կտեղափոխեն Խորեն Միրզոյանին և Լևոն Համբարձումյանին, և ծափահարություններով և բարի ճանապարհ մաղթելով ուղեկցեցին նրանց։
Հիշեցնենք՝ կիրակի առավոտյան մի քանի քաջարանցի երիտասարդներ բերման են ենթարկվել ոստիկանություն։ Բերման ենթարկվածների հարազատների խոսքով, իրենց տղաները ամեն մեկը իր գործով էր զբաղված։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ 4 երիտասարդ ձերբակալվել են թմրամիջոց օգտագործած մեկի ցուցմունքով։ Նրանցից մեկին՝ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել, քանի որ սխալմամբ էին բերման ենթակել։ Ձերբակալվածներից երկուսին՝ Խորեն Միրզոյանին եւ Լևոն Համբարձումյանին ցանկանում են տեղափոխել Երևան, ինչին ցուցարարները դեմ էին։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ