Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է։ Հավաքվածները դեմ են, որ բերման ենթարկվածներին տեղափոխեն Երևան և պահանջում էին, որպեսզի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպի իրենց հետ։
Հունան Պողոսյանն այցելեց բողոքի ցույցի մասնակիցներին։ Նա նշեց, որ խնդիրը իրավական հարթությունում է, և քաղաքական նպատակներ առկա չեն. «Գիտեմ, որ արդեն ոստիկանության պետի հրամանով ծառայողական քննություն է նշանակված միջադեպի հետ կապված։ Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ մեկդ չկասկածի, որ օբյեկտիվ քննություն է լինելու։ Որպես նախկին իրավապահ՝ ընդամենը մի բան կարող եմ ասել, քանի որ գործը հարուցված է և քննվում է Երևան քաղաքում, այստեղ գործը չեն կարող քննել։ Ձեր համերաշխությունը, ձեր մտահոգությունը հասկանում եմ, կարող է՝ կիսում եմ։ Ուզում եմ՝ դուք էլ հասկանաք, որ այս ամեն ինչը, որ մենք անում ենք, գործին չի օգնի»։
Նա հավելեց, որ անտեղի տեղը ոչ ոք պատիժ չի կրելու. «Ով ինչ արել է, դրա համար կոնկրետ պատասխանատվություն պետք է կրի։ Որովհետև գործի բազմակողմանիության, օբյեկտիվության, լրիվության վրա ոչ մեկ չպետք է կասկածի։ Գոնե այսօր գիտեք, որ գործերը օբյեկտիվ են քննվում։ Ու պետք չէ, որ այս ամեն ինչի հետևում փորձենք տեսնել մարդկանց, որոնք ուզում են ձեռք ու ոտք տաքացնել»։
Քաղաքացիներից մեկը բողոքեց, թե մարզպետը իրենց օգուտ չի տալիս։ «Օգուտ չեմ տալիս, մի լսեք»,- արձագանքեց Հունան Պողոսյանը։ Քաղաքացին պատասխանեց, որ մարզպետը իրենց հետ պետք է խնդրեր, պետք է պաշտպաներ իրենց. «Մենք նենց մարդկանց ենք մերժել էստեղ, որ ձեզ մերժելու ենք 100 տոկոս»։
Կարդացեք նաև
Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ես չեմ եկել համոզելու, նորից եմ ասում»։ Քաղաքացին արձագանքեց․ «Դե իզուր մի խոսեք, մենք չենք ուզում ձեզ լսենք»։ Հավաքվածները խնդրեցին քաղաքացուն հանգստանալ։
Մարզպետն առաջարկեց բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներին առանձին ավելի առարկայական քննարկել խնդիրը. «Օդի մեջ՝ առանց որևէ բան իմանալու խոսում եք, կրքեր եք բորբոքում, էմոցիաներ, երբ որ մարդկանց ճակատագրեր են որոշվում։ Գործի փաստական հանգամանքների մասին բացարձակ ոչ մեկ ոչ մի բան չգիտի»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ