Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչ ձվածեղ

Մայիս 24,2020 21:07

Վիտամիններով հարուստ այս ուտեստը կարող եք պատրաստել ե՛ւ որպես սննդարար նախաճաշ եւ որպես լիարժեք ճաշ կամ նույնիսկ՝ ընթրիք: Բացի օգտակար եւ հագեցնող լինելուց՝ նաեւ շատ համեղ է:

Անհրաժեշտ մթերքները

Ծնեբեկ- 10-15 ճյուղ

Բրոկոլի-1 փոքրիկ գլուխ (200 գրամի չափ)

Կանաչ լոբի- 200-300 գրամ

Կանաչ սոխ- 5-6 ճյուղ

Թարմ, կանաչ սխտոր-1 ճյուղ

Խառը կանաչիներ՝ սամիթ, համեմ, մաղադանոս- կես կապ

Ձու- 5 հատ

Պանիր – 50 գրամ

Կարագ-50 գրամ

Բուսական յուղ-4 ճաշի գդալ

Համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Նախ մաքրեք եւ շատ լավ լվացեք բոլոր բանջարեղեններն ու կանաչիները: Կաթսայի մեջ ջուր լցրեք եւ դրեք կրակին, հենց եռա, 1 ճաշի գդալ աղ արեք եւ հերթով խաշեք բանջարեղենը՝ բրոկոլին, լոբին եւ ծնեբեկը: Բրոկոլին եւ ծնեբեկը՝ 2-3 րոպեից ոչ ավելի, իսկ լոբին՝ մոտ 5 րոպե: Յուրաքանչյուր տեսակը արագ խաշելուց հետո ցանցկեն գդալով հանեք ջրից եւ դրեք ցանցի մեջ՝ ջրքամվելու: Կարող եք նաեւ տարբեր կաթսաներում խաշել, եթե այդպես ավելի նպատակահարմար եք գտնում:

Պանիրը քերեք խոշոր անցքերով քերիչով: Կանաչիներն ու կանաչ սոխ-սխտորը մանր կտրատեք, ավելացրեք հարած հավկիթների վրա, ինչպես նաեւ՝ սեւ եւ կարմիր պղպեղ ավելացրեք: Եթե թարմ սխտոր չունեք, կարող եք պարզապես 2-3 պճեղ սխտոր մանր կտրատել կամ ճզմել եւ ավելացնել ընդհանուր զանգվածին:

Մեծ թավան դրեք կրակին, ավելացրեք բուսական յուղը: Ջրքամված բանջարեղենը դասավորեք թավայի մեջ, երկու- երեք րոպե տապակվելուց հետո ավելացրեք պանիրն ու կանաչիներով ձուն:

Թողեք մի փոքր տապակվի, ապա վրան շարեք կարագի կտորները: Թեթեւակի շուռումուռ տվեք բանջարեղենը, որ ձուն ամբողջովին եփվի, իսկ կարագը լրիվ հալվի: Մատուցեք տաք-տաք: 

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031