Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռևս ուշ չէ կիրառել վիրուսի տարածման գործոնի դեմ պայքարը․ Արմեն Վարդանյան

Մայիս 24,2020 19:48

Կորոնավիրուսի նկատմամբ երկրի համաճարակային անապահով իրավիճակը կայունացման որևէ միտում չունի: Հայաստանում համաճարակն առնվազն 5 ամսից ավելի տևողությամբ գտնվում է հետևողական զարգացման փուլում, իսկ ձեռնարկված գործողությունները՝ համաճարակաբանական նշանակության տեսակետից, թե՛ տեսակով, թե՛ քանակով, թե՛ որակով, թե՛ մասնագիտական տիրույթներում,  ժամանակի և ռեսուրսների արդյունավետության առումով խնդրահարույց էին, ինչի ապացույցը պաշտոնական հրապարակված վիճակագրությունն է այն ցուցանիշներով, որոնք համաճարակաբանական առումով, մեղմ ասած, չեն բնորոշում վարակի ընթացքը, զարգացումը: Սա նշանակում է, որ տվյալ  դեպքում կորոնավիրուսի զարգացման ելքը, բնականաբար՝ համաճարակային կանխատեսումը անբարենպաստ է՝ դրանից բխող հանրային առողջապահական, սոցիալական և տնտեսական ծանր, եթե ոչ՝ աղետալի հետևանքներով: Համաճարակի գնահատման, վերլուծության և կանխատեսման իրական հիմքը այլ ցուցանիշներն են, որոնցից կարելի է առանձնացնել հիվանդացության և անապահովության ցուցիչները, իսկ համաճարակի էքստենսիվության և ինտենսիվության մասին՝ կարելի է հուսալ, որ պետական բարձր մակարդակում տեղյակ են  և այս իրավիճակում նույնիսկ չարժե մտածել դրանց նվազման մասին:

Հիվանդացության  ցուցիչը՝ հիվանդացածների թվի հարաբերությունն է տվյալ վարակի նկատմամբ ընկալունակների թվին, իսկ անապահովության ցուցիչը՝ վարակի կամ հիվանդության դեպք արձանագրված անապահով բնակավայրերի (համայնքների) թվի հարաբերությունն է ընդհանուր բնակավայրերի (համայնքների) թվին: Հանրությունը պետք է գիտակցի, որ ամեն օր՝ ժամը 11-ին հայտարարվող թիվը, օրինակ՝ այսօրվա 354-ը, ընդամենը տվյալ օրվա ախտորոշումներով հայտնաբերված դրական դեպքերի (հակազդածների) թիվն է, հետևաբար իրական հիվանդացության մասին եզրահանգումը կարելի է թողնել հանրության երևակայությանը: Ինչ վերաբերում է անապահովության մասով իրականությանը, ապա կոչ եմ անում կառավարությանն ու պաշտոնյաներին հրապարակել այս պահի դրությամբ հանրապետության այն բնակավայրերի (ոչ համայնքների, որտեղ առկա է խոշորացման փաստը) ցանկը, որտեղ առայսօր արձանագրվել են դեպքեր, որովհետև ՀՀ հպարտ քաղաքացին իրավունք ունի իմանալ անապահով բնակավայրերը, որտեղ անձնական նպատակներով կամ գործի բերումով կարող է հայտնվել՝ որևէ կերպ սեփական անվտանգությունը գոնե իր որոշմամբ և միջոցներով ապահովելու նպատակով: Ի վերջո, ՀՀ քաղաքացին, իր ազատ տեղաշարժի և կյանքի սահմանադրական երաշխավորման պայմաններում,  իրավունք ունի իմանալ դեռևս ապահով այն բնակավայրերը, որոնց տարածքում կարող է լինել՝ անձնականից մինչև բիզնես և այլ նպատակներով:

Առողջապահական համակարգին կոչ եմ անում անհապաղ ձեռնարկել միջոցներ՝ կորոնավիրուսով բնական վարակվածության մակարդակը՝ բնակչության շրջանում վարակի նկատմամբ ձևավորված  իմունիտետի (անընկալունակության) առկայությունը և լարվածությունը բացահայտելու և գնահատելու նպատակով, ինչը խիստ անհրաժեշտ է իրական համաճարակային կանխատեսման և հետագա գործողություններ կամ ռազմավարություն մշակելու, իրացնելու համար: Ակնհայտ է, որ մինչ օրս ընտրված գործելաոճով՝ վարակի զարգացման ու հիվանդության տարածվածության իրական մասշտաբների պայմաններում,  կիրառվող տեսակի թեստավորումն այլևս չունի իր նշանակությունն ու արդյունքը՝ նամանավանդ, որ այս իրականությունում անխուսափելի է ամբողջ բնակչության վարակումը, խնդիրը միայն ժամանակի մեջ է, որն առերևույթ կարծես թե արագացվում է՝ չգիտակցելով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն առողջապահական, այլև հանրապետության կենսագործունեության գոնե նվազագույն պահպանման ուղղություններում:

Կոչ եմ անում ազգային անվտանգության ծառայությանը՝ վերցնել իրավիճակի պատասխանատվությունը և ձեռնարկել անհապաղ քայլեր՝ փաստացի ազգային անվտանգությանը սպառնացող իրավիճակը սանձելու և յուրաքանչյուր բնակավայրում՝  տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ, իրավիճակի նկատմամբ տեղում օպերատիվ հսկողություն կազմակերպելու նպատակով: Հանրապետության տարածքում համայնքային՝ ըստ բնակավայրերի, և մարզային  մակարդակներում  ձևավորել հակահամաճարակային տեղական (մարզային) հանձնաժողովներ՝ տվյալ համայնքի ղեկավարի /մարզպետի նախագահությամբ և անմիջական պատասխանատվությամբ, շահագրգիռ բոլոր պետական, այդ թվում՝ ուժային կառույցներից, հասարակական և հանրության այլ շրջանակներից պարտադիր ներկայացուցիչներով և կամավորներով: Համաճարակի դեմ պայքարում տարածքային կոտորակման  ռազմավարությամբ և տեղական  հանձնաժողովներով, որոնք  պատասխանատվություն կստանձնեն տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի զարգացման և տարածման պայքարում միակ գործուն և արդյունավետ միջոցը՝ փոխանցման գործոնի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպել և իրականացնել, որն իրականում մինչ օրս այդպես էլ պատշաճ չիրականացվեց՝ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ՝ «մատների արանքով» մոտեցման հետևանքով:

Դեռևս ուշ չէ կիրառել կորոնավիրուսի համաճարակային պրոցեսի շղթայի անքակտելի բաղկացուցիչ օղակի՝ վիրուսի տարածման գործոնի դեմ պայքարը՝ վիրուսի փոխանցման շղթան կոտրելը, որը կարող է իրավիճակի նույնիսկ նման վատթարացման դեպքում արդյունավետ գործիք լինել, եթե հրատապ վերանայվեն հանված սահմանափակումները (համաճարակի զարգացման փուլում սահմանափակումները, որոնց զգալի մասը թեկուզ թերի է կիրառվել կամ չի կիրառվել, հանելն ուղղակի հակացուցված էր, առնվազն պետք էր հանել բացառապես համաճարակային նշանակության տեսակետից ազդեցության հիմնավորմամբ և փուլային  որոշակի հաջորդականությամբ) և կյանքի կոչվի իրական կարանտինը՝ անապահով համայնքի  կամ դրա մի մասի (թաղի, հատվածի) կամ մի քանի համայնքների սահմաններում կարանտին սահմանելու, պահելու և կարանտինը չեղարկելու ռեժիմների պատասխանատու և ամբողջական փաստացի կիրարկմամբ:  Հակառակ դեպքում այսօրվա վիճակին ու վիճակագրությանը կարճ ժամանակ անց կարելի է նախանձել…

Հակահամաճարակային հանձնաժողովներին հրատապ տրամադրել և ապահովել բոլոր անհրաժեշտ միջոցներով ու ռեսուրսներով, որոնք պահանջվում են անապահով բնակավայրում վարակը մեկուսացնելու և տարածումը կանխելու տրամաբանությամբ և բխում են ազգային անվտանգությանն ուղղակի սպառնացող վտանգների և հետևանքների բացառումը ապահովող միջոցառումների իրականացման կենսական անհրաժեշտությունից:

Պարետատունը ոչ մի դեպքում ուղղակի չի կարող ստանձնել ողջ երկրում իրավիճակին արձագանքելու պատասխանատվությունը, որովհետև համաճարակային նման իրավիճակում ուղղակի անիրատեսական է և ողջամիտ չէ, որ ցանկացած վայրում և դեպքում առաջացած խնդրով պարետատունը, նույնիսկ բավարար կոմպետենտության դեպքում, ֆիզիկապես ի վիճակի կլինի ամբողջությամբ և պատշաճ զբաղվել և օպերատիվ կերպով՝ տվյալ իրավիճակից բխող նաև ոչ ստանդարտ լուծումներ տալ: Պարետատունը պետք է լուծեր /լուծի/ անհրաժեշտ ռեսուրսները և միջոցները տրամադրելու և կառավարության մակարդակով լուծման ենթակա որոշակի հարցեր ու խնդիրներ՝ ստանձնելով համակարգող դերակատարություն:

Հրապարակային հարց՝ ի՞նչ է արվել մինչ օրս կորոնավիրուսով անապահով ցանկացած բնակավայրում՝ տեղական ինքնակառավարման և մարզպետի, կառավարության մակարդակներում:

Թափանցիկ և հաշվետու աշխատելու ամենօրյա հայտարարությունների հիմքով՝ հանրությունը հրապարակային կերպով պետք է ստանա  համայնքների  ղեկավարների  և մարզպետների, այնուհետև կառավարության կամ պարետատան որոշակի պարբերականությամբ հաշվետվությունները՝ գործողությունների հստակ շարադրմամբ, որը կներառի կորոնավիրուսի 1-ին դեպքի կամ դեպքերի արձանագրումից  հետո ընկած ժամանակահատվածը՝ վարչապետի կամ նախարարի կամ մարզպետի մակարդակով դեպքերի թվի հայտարարության փոխարեն, որտեղ նույնիսկ տվյալ մարզի բնակիչները տեղյակ չեն, թե իրենց  մարզի որ համայնքներում են արձանագրվում հիվանդության դեպքեր և քանի հիվանդ կա:

 

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031