Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն ռեկտոր չունի, ըստ նախկին պրոռեկտորի՝ դրա համար կամք է պետք

Մայիս 24,2020 16:31

Երեւանի պետական համալսարանն առայսօր հոգաբարձուների խորհուրդ չունի, իսկ մարտի 23-ից անորոշ ժամկետով հետաձգված ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը մնում է առկախ, քանի որ հենց  ԵՊՀ խորհուրդն է ռեկտոր ընտրում:

Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ նախկին գիտքարտուղար, նախկին պրոռեկտոր  Մենուա Սողոմոնյանն ասաց, որ խորհրդի լիազորությունների ժամկետը վաղուց  լրացել  է: Ապա հավելեց. «Պետք է կամք լինի, կամք դրսեւորվի ու  վերջապես անցկացվի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի արագ ընտրություն»:

Հարցրինք՝ ո՞ւմ կողմից պետք է կամք դրսեւորվի: «Խորհրդի կազմը ձեւավորվում է հետեւյալ սկզբունքով՝ 25 %-ը կառավարության ներկայացուցիչներն են, 25 %-ը ՝ ԿԳՄՍ նախարարության,  25 %-ը  ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն է, 25 %-ը ՝ ուսանողության ներկայացուցիչները: Պետք է կառավարությունից գա համապատասխան առաջարկ, որ ներկայացրեք ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի ձեր ներկայացուցիչներին, նաեւ միաժամանակ Կառավարությունը եւ ԿԳՄՍ նախարարությունն իրենց ներկայացուցիչներին ներկայացնեն, ապա վարչապետը հաստատի հոգաբարձուների խորհրդի կազմը, հոգաբարձուների խորհուրդն էլ  շատ արագ ժամկետում փորձի ռեկտորի ընտրություն անցկացնել»,-պատասխանեց պրոռեկտոր  Մենուա Սողոմանյանը:

Հարցրինք՝ հնարավո՞ր է նոր ուսումնական տարին ԵՊՀ-ն դիմավորի առանց ռեկտորի: «Իհարկե դա շատ վատ է, բայց ոչ մի բան  չեմ կարող բացառել, որովհետեւ ոչնչի մասին հստակ չի ասվում: Ասում են՝ արդեն քանի է ամիս է պարետատան հետ  համաձայնեցնելով աշխատանքներ ենք տանում, որ հասկանանք հոգաբարձուների խորհուրդը ոնց ձեւավորենք,  եւ այլն, եւ այլն, նիստ անցկացնենք… Այդտեղ կարծես բարդ բան չկա,  այնպես որ, եթե ցանկություն ունի, կարելի է տասը օրվա մեջ էլ այդ ամեն ինչը կազմակերպել»,-պատասխանեց նախկին պրոռեկտորը:

Հարցրինք՝ հնարավոր չէ՞ առցանց ձեւաչափով նիստ գումարել: «Չեմ կարծում, ի վերջո  փակ, գաղտնի քվեարկություն պետք է տեղի ունենա: Առցանց տարբերակով փորձառությունը չի եղել նման բան կազմակերպելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ այսինքն ստացվում է հապաղելը կառավարության, ԿԳՄՍ նախարարության կողմից է, Մենուա Սողոմանյանն այսպես պատասխանեց. «Եթե հարցը լուծվի, համալսարանը կտա հոգաբարձուների խորհրդի իր թեկնածությունները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031