«Ի՞նչ է կատարվում։ Էս ո՞ւր ենք հասել։ Կորոնավիրուսը մոռացած՝ քաջարանցիներս ստիպված ենք պաշտպանվել խառնակչությունից»,- ասում է Սյունիքի մարզի Քաջարանի բնակիչ տիկին Գրետան։ 65-ամյա նախկին մանկավարժի խոսքով, իրենց փոքր համայնքը բաժանել են խմբավորումների, հակաների ու մերոնքականների։
«Բոլորս կարծես խորհրդատու ենք դարձել, քաղաքական վերլուծաբաններ, տեսանյութեր են տարածում՝ մոռանալով անցյալը»,-ասաց նա։ Մանկավարժին հատկապես վրդովեցրել են ծնունդով քաջարանցի, նախկին ոստիկան, 25 տարի առաջ Քաջարանը լքած Ալբերտո Աթայանի ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հնչեցված սպառնալիքներն ու ատելության խոսքը:
«Հեղափոխական վարչապետը դիմելու նոր մշակույթ մտցրեց՝ ուղիղ խոսքով ներկայացնել իրավիճակը… Ալբերտոյի նմաննե՞րը պիտի պաշտպանեն վարչապետին։ Կամ պաշտպանության կարիք ունի՞ Փաշինյանը իր հպարտ քաղաքացիներից։ Պարոն վարչապետ, հասարակության մերժված մարդիկ իրավունք չունեն խոսելու Ձեր անունից»,- ասում է Գրետա Մարկոսյանը եւ խնդրում է վարչապետին, երկրում իրավիճակը թեթեւանալուն պես գալ Քաջարան ու անկեղծ զրուցել քաջարանցու հետ:
«Կհամոզվեք, որ Դուք ալբերտոների կարիք չունեք, կհավաստիանաք, որ «սեւեր» ու «սպիտակներ» չկան Քաջարանում, ամեն մեկը զբաղված է իր գործով»,-ասում է Գրետա Մարկոսյանը՝ իր զարմանքը արտահայտելով, թե ինչու պատկան մարմինները չեն ուսումնասիրում Ալբերտո Աթայանի բռնության եւ ատելության տարրեր պարունակող ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հնչեցված կոչը:
Կարդացեք նաև
Ի դեպ, Ալբերտո Աթայանը արդեն երրորդ անգամ է՝ ուղիղ միացմամբ նման ոճով հայտարարություններ անում: Նա այս անգամ էլ ասել էր, որ Սյունիքի մարզում գործում է հանքագողերի մեծ կլան, որի ղեկավարն ու ռեժիսորը, նրա խոսքերով, նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է: «Դա Սերժի փեսայի դրածոն է: Այս կլանի մեջ իրենք մխրճել են նաեւ մարդկանց, որոնք ոչինչ իրենցից ոչինչ չէին ներկայացնի, եթե չլիներ Սերժի փեսայի դրածո Վահե Հակոբյանը… Դուք հոգեվարքի մեջ եք, մահացած մարդիկ եք… Արա ձեր վերջն եկել ա, համակերպվեք դրա հետ»,- ասում է Աթայանը: Նրա խոսքերով, Քաջարանում եւ Կապանում տեղի են ունենում միջադեպեր, որոնք փորձ է արվում քաղաքականացնել:
«Պատերազմ ե՞ք ուզում… պարոն Փաշինյանը թույլ չի տալիս ձեր նկատմամբ այնպես վերաբերվենք, ինչպես դուք էիք ժողովրդին վերաբերվում, եթե թույլ տա, ձեզ ոչնչացնելը մի րոպեի պատմություն ա»,- սպառնում է նախկին ոստիկանը եւ կոչ անում ֆեյքերի միջոցով մարզպետին, փոխմարզպետին եւ հայոց վարչապետին «կպնելը թարգել»:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ