Լրահոս
Օրվա լրահոսը

Երազներ  Ջուլիայի  համար (էսսե)

Մայիս 24,2020 14:43

Չէ՞ որ կյանքը սկսվում է այն սենյակից, ուր նորածին երեխայի շունչ կա։

Երբ մտքերն են հյուծվում՝ անձայնության մեջ թողնելով երիտասարդության վայելքը, երբ վհուկները պատռում են մթնշաղներ՝ ծերության վախը հարուցելով, մարդն անպայման վերադառնում է։ Նա իր մանկության  սենյակն է մտնում՝  հանդիսավոր քայլերի մեջ զսպելով  ներբանների դողէրոցքը:

Ճպուռնեը հոգիներ են: Ճպուռներն իրենց անմահությունն են այրում՝ լափլեզ բոցերի վրա թողնելով մոխիր:

Երբ չվում են իմ այգու թռչունները, ես քո մատներն եմ փայփայում, սեր իմ, որովհետև կախարդներ են քո մատները և արարում են թռիչք: Հետո լույսեր կխամրեն, և կթափվի քո վարսերի ջրվեժը մեր հույզերն ի վար, և ճպուռներ կզարնվեն ապակիներին՝ երազելով կրակ:

Լսո՞ւմ ես նրանց մինչմահու  հևքը:

Գիշերները չեն կրկնվում երբեք, որովհետև մենք բոլորս խուսափում ենք խոստովանություններից:

Երրորդ աքլորականչ:

Մենք բոլորս վերադառնում ենք մահվան հաճույքից՝ գիշեր թոթափելով, որպեսզի գոյության տառապանքն ընդունենք երրորդ աքլորականչից հետո:

Անձրև:

Ես մեր օրերն եմ շարադրել կաթիլների վրա, սեր իմ, և թղթե անուրջներ եմ թողել ջրափոսերի մեջ:  Դու լսո՞ւմ ես: Լսո՞ւմ ես մանկության հևքը:  Չէ՞ որ կյանքը սկսվում է այն սենյակից, ուր  նորածին երեխայի շունչ կա։

Օրորոցն՝ անկյունում, և կաթ՝ բաժակի մեջ, և ծիծաղ, որ հատակին փշրվող հախճապակու զրնգոց ունի:

Պառավները քայլող հեքիաթներ են: Նրանք շալակած տանում են իրենց թոռների անփորձությունը՝ հստակ հասկանալով, որ այս կյանքում հանրահայտ  բոլոր գործողությունները ծավալվում են անկողինների  վրա:

Ահա մարդը՝ շրջապատված ամենամտերիմ հարազատներով։ Նա այստեղ հասավ կնճիռների խոր-խոր փոսեր հաղթահարելիս, երբ ուժն էր տկար, և եկել էր փայտե մահճակալին մեկնվելու ժամանակը:

Ոմանք առաջարկում էին հյութ, ոմանք՝ նարինջ ու շոկոլադ, իսկ նա պատռել էր օձիքն ու խաղում էր քամիների հետ՝  մտաբերելով այգում մենավոր իր ջրաշուշանը:  Մարդը՝ անխռով ու բացակա։ Բոկոտն ու հևասպառ, քամու ետևից վազելով և թռչող օձ ղեկավարելու թելը բռունցքի մեջ՝ նա իջնում էր դեղին սեզերն ի վար, և սեր էր գողանում գեղջուկ գեղեցկուհիներից՝  դիմավորելով պարտության  արշալույսը։

Հետո անձրևներ կիջնեն, ու կհեծկլտան մարդիկ այն սենյակում, ուր հարատևը նորածին երեխայի շնչառությունն էր։ Մարդիկ կհեծկլտան խոստովանություններ, որ մոռացել էին պահարանների մեջ, և չէին գտել կեղտոտ սպիտակեղեն լվանալիս և չէին հիշել հացառատ սեղանների մոտ, ծննդյան մոմը վառելու պահին, և կամ՝ բարի գիշեր մաղթելիս:  Կան մեծագույն մոլորություններ, և ապրում են դրանք առօրյա հողաթափերի հետ, և մոլորությունները մերկանում են լոգարաններում, և թաքնվում են բարձերի տակ՝ երբ մարդիկ զբաղված են սիրո առաձգական հաճույքը ձգելով:

Ահա մարդը՝ մոլորությունն Աստծո:

Նա տիկնիկ էր, երբ տեղատվության ալիքներն էին նահանջում՝ մերկ ավազների մեջ թաղելով ադամորդու ճակատագիրը:  Նա այլևս չէր ճանաչում իրեն, և զարհուրել էր՝ բնավ չհասկանալով, թե ինչ կարող են ենթադրել իր գլխավերևում այրվող մոմերը, որ հալվող հույզերի անձրևն էին ցփնում:

Տխրադալուկ իմ սեր,  գուցե երբեք չասված իմ բառ և կամ խոստովանություն մտամոլոր…

Շապիկներ են մեր մարմինները, և ջրերի վրա պարող լուսատուներ հավաքելուց առաջ մենք կմերկանանք անշուշտ՝ վառ-վառ ածուխների վրա թողնելով հավիտենության հացը: Նրանք կգան, նրանք բոլորը կգան, որովհետև մարդիկ հավաքվում են այնտեղ, ուր ցորենն է բուրում:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031