Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորի համալսարանի պրոֆեսորը՝ բուհում սաունայի գոյության եւ ամբիոնների միացման մասին

Մայիս 24,2020 13:57

Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վանո Եղիազարյանը, Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով բուհում սաունայի գործելու փաստը, նշեց, որ ինչպես նախկին ռեկտորը, այնպես էլ նորընտիրը ճիշտ չեն մեկնաբանում խնդիրը, ինչի պատճառով էլ վնաս են հասցնում բուհի վարկանիշին, եւ տպավորություն է ստեղծվում, թե այդ բուհում ոչ մի լավ բան  չկա ու չի եղել:

«ՎՊՀ նորընտիր ռեկտորը նախ պետք է կարդար ՎՊՀ կանոնադրության 17-րդ հոդվածի 11-րդ կետը, այն է` ՎՊՀ նպատակն է. 11) սովորողների ու աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Այնուհետև պետք է կարդար 19-րդ հոդվածի 11-րդ կետը, այն է` 19. ՎՊՀ-ն կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝ 11) աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում ու սպասարկում:

Նորընտիր ռեկտորը ոչ թե պետք է քննադատի ՎՊՀ-ում լողավազանի և սաունայի գոյությունը, այլ պարզապես դրա չօգտագործվելը, քանի որ ՎՊՀ-ն ըստ կանոնադրության պետք է կազմակերպի իր աշխատողների և սովորողների հանգիստը: Սաունայում լողավազան կա, որտեղ լողանալը հատկապես օգտակար է նստակյաց կյանք վարող դասախոսների համար, այնպես որ արժի աշխատեցնել այդ և գրագետ կազմակերպել աշխատողների և սովորողների հանգիստը, ոչ թե սաունան ասոցացնել իրենց հիվանդ երևակայության մեջ եղած երևույթներին:

Ինչ վերաբերում է սաունայի կառուցմանը, ապա այն կառուցվել է դեռևս 2003 թ., երբ ՎՊՀ ուսանողները ֆիզկուլտուրայի դասեր էին անում ՎՊՀ-ի վարչական շենքին կից բաց տարածքում, և բնականաբար, այդ լողասենյակների անհրաժեշտությունը ժամանակին եղել է, այդ հիմա է, որ ՎՊՀ-ն վարձակալում է քաղաքապետարանի սպորտդահլիճները: Ամեն դեպքում, ցավում եմ, որ ՎՊՀ նոր ռեկտորը, ի դեպ, նաև նախկինը, խնդիրը ճիշտ չեն ներկայացնում հանրությանը. արդյունքում հանրությունը սխալ է ընկալում սաունայի գոյությունը կրթական հաստատության մեջ և ՎՊՀ հեղինակությունը նսեմացվում է, ինչի համար իսկապես ցավ եմ ապրում` որպես 50-ամյա բուհի 25 տարվա դասախոս»,- նշեց Վանո Եղիազարյանը:

Նաեւ հավելեց. «Ինձ համար ցավալի է նաև, որ նոր ռեկտորը կանոնադրության և կանոնակարգերի խախտմամբ միավորում է նաև ամբիոններ: ՎՊՀ կանոնադրության 99-րդ հոդվածի համաձայն`  Ֆակուլտետի գիտական խորհուրդը`

1) ՎՊՀ-ի ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ:

Արհամարհելով կանոնադրության սույն պահանջը` ռեկտորը առանց քննարկելու հարցը ամբիոններում և ֆակուլտետներում, որոշել է միավորել հայոց լեզվի և գրականության ամբիոնը, քիմիայի և կենսաբանության ամբիոնը և այլն, որը պարզապես հակագիտական է:  Իսկ զարմանալին այն է, որ հոգաբարձուների խորհուրդն էլ մեծ մասով կողմ է քվեարկում այս անօրինությանը, անգամ զգուշացնելու դեպքում: ՎՊՀ կանոնադրությունը երկու դեպքում էլ անտեսվում է:

Հավելեմ, որ եթե այս սաունայի գոյությունը կրթության ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու որակի վրա վատ չի անդրադառնա, ապա մասնագիտություն թողարկող ամբիոնների միավորումը կհարվածի գիտության ու կրթության  որակին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031