Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին՝ գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի այն խոսքերից հետո, որոնք վերաբերում էին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում վրացական ոչ բարվոք հակահամաճարակային համակարգին և առողջապահությանը, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին:
«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, և նախարարի անունից ափսոսանք հայտնել այն հայտարարությունների հետ կապված, որոնք, ըստ իրենց, սխալ են մեկնաբանվել՝ առաջացնելով վրացի գործընկերների վրդովմունքը, և այդ կապակցությամբ նրանք ափսոսանք հայտնելով՝ խնդրում են իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», – ասել է Զալկալիանին լրագրողներին:
«Իհարկե, այդ մեկնաբանությունները, մեղմ ասած, քաղաքավարի չեն հարևան և բարեկամ երկրի նկատմամբ, առավել ևս եթե արվել են առողջապահության նախարարի կողմից»,- ավելացրել է Զալկալիանին։