Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կորոնավիրուս պատուհասը եւ մենք

Մայիս 24,2020 12:00

Կորոնավիրուս անվանյալ աննախադեպ համաճարակը Չինաստանից սկիզբ առնելով՝ այնուհետեւ միանգամայն անսպասելիորեն մտավ Եվրոպա, ավելի կոնկրետ՝ Իտալիա, եւ գրեթե նույն ուժգնությամբ Իտալիայում շարունակեց իր ավերածությունները: Առաջին շրջանում համաճարակն իրեն հեռու պահեց Հայաստանից, բայց նախքան իր Հայաստան գալն էլ մենք հնարավորինս արտահայտել էինք մեր վերաբերմունքն իր հանդեպ:

Բազմաթիվ ծանոթներ ունեմ, ովքեր Եվրոպայում սովորող ուսանող երեխաներ ունեն, բայց համաճարակի այս օրերին իրենց երեխաներին դասի չուղարկեցին: Այս եւ այլ կերպ մենք միանգամայն արդարացիորեն վաստակում էինք կորոնավիրուսից հեռու մնալու մեր իրավունքը: Ինչպես վանեցին է ասում՝ «զգուշություն լավ պան ի»: Որպեսզի զգուշությունը մաքսիմալ ու կատարյալ լինի, Հայաստանի իշխանություններն այս կորոնավիրուս կոչեցյալի առիթով արտակարգ դրություն հայտարարեցին:

Չնայած կորոնավիրուսը բավական ուշ ներխուժեց մեր երկիր, բայց սրա դեմ արտակարգ դրություն հայտարարելու առումով Հայաստանն առաջիններից էր: Սա արդեն ամեն ինչ ասում է այս չարորակ երեւույթի հանդեպ մեր վերաբերմունքի մասին: Այսուհանդերձ, ինչքան էլ զգուշություն հանդես բերեցինք, կորոնավիրուս կոչվող այս աննախադեպ պատուհասը պնդաճակատորեն մեր դռներն էլ թակեց ու մեր երկիր էլ սողոսկեց:

Մինչ Իտալիան եւ հզոր ու զարգացած բազում այլ երկրներ շիվարած էին տվյալ վիրուսից, Արցախը տվյալ ժամանակաշրջանում կորոնավիրուսի դեմ նույնպես արտակարգ դրություն հայտարարելով՝ իր հերթական  նախագահական ընտրություններն անցկացրեց: Ընդ որում՝ բավական հաջող: Ընդ որում՝ համաճարակի դեմ պայքարելով հանդերձ:

Այսուհանդերձ, սուտ կլինի, եթե ասենք թե՝ այս կորոնավիրուս կոչեցյալ երեւույթը մեր կյանքում փոփոխություններ չմտցրեց: Մտցրեց, եւ այն էլ՝ չափազանց էական փոփոխություններ: Եթե նախքան կորոնավիրուսը որեւէ  մեկն ասեր, որ կորոնավիրուսի վարակից խուսափելու նպատակով հայ տղամարդը կարող է պաշտպանիչ դիմակով շրջել մայրաքաղաքի փողոցներում, դժվար թե հավատայինք: Հիմա տեսնում ենք եւ հավատում:

Հավատում ենք նաեւ, որ մենք կորոնավիրուսի դեմ պայքարում միանգամայն պետական  մտածողություն ենք հանդես բերում՝ թե՛ իշխանությունների ներկայացուցիչները, թե՛ առողջապահության համակարգի ներկայացուցիչները եւ թե՛ շարքային քաղաքացիները, եւ եթե մի գեղեցիկ օր այս կորոնավիրուս կոչեցյալը փասափուսեն  քաշի մեր երկրից, դրանում մենք միանշանակ կունենանք մեր վաստակը: Հուսով ենք, որ հենց այդպես էլ կլինի, եւ ի վերջո չարը (չարքը) անձնատուր կլինի մեզ ու մեր կամքին:

Այսօր շատ է խոսվում այն մասին, թե երբ կավարտվի այս կորոնավիրուս կոչված քստմնելի երեւույթը, որ իսկական փորձանք է դարձել մեր եւ այլ ժողովուրդների գլխին: Սրա ստույգ պատասխանն այսօր ոչ ոք չգիտի, բայց այսօր բոլորն են հասկանում, որ այս աղետից փրկվելը մեծապես կախված է նաեւ այս ժողովուրդների վարքից ու կենսակերպից:

Թող Աստված զորավիգ լինի մեզ եւ ողջ աշխարհի ժողովրդի կամքին ու բարի կամեցողությանը:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
22.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031