Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության քաղաքական ուժերի և 2020 թ․-ի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ:
Հանդիպումների նպատակը՝ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակումն է: Հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ, անկախ քաղաքական հայացքներից, համագործակցությունը պետք է լինի ի շահ երկրի բարօրության և զարգացման: Նա նաև կարևորել է համազգային նշանակության հարցերում, ինչպիսիք են՝ Արցախյան հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանությունը և երկրի անվտանգությունը, քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումն ու համատեղ աշխատանքները:
Մեկնարկելով հանդիպումը «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակից՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող ուժը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի ինչպես օրենսդրական, միջխորհրդարանական համագործակցության բնագավառներում, այնպես էլ կամուրջ լինի խորհրդարան-բնակչություն կապի համար:
Կարդացեք նաև
Շարունակելով հանդիպումները՝ Աժ նախագահը ընդունել է Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին: Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել նախարարի ավանդն արտաքին գործերի ասպարեզում և նշել, որ հանձին ԱԺ-ի՝ արտաքին գործերի նախարարությունը կունենա վստահելի թիկունք: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել երկրի արտաքին գերատեսչության հետ ակտիվ փոխգործակցել օրենսդրական, խորհրդարանական դիվանագիտության, տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցության հարցերում:
ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը խորհրդարան անցած քաղաքական ուժի՝ Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ էր: Արթուր Թովմասյանն ընդգծել է ընդդիմության դերը խորհրդարանի կայացման գործում և կոչ արել 7-րդ գումարման Ազգային ժողովում լինել ակտիվ, նախաձեռնող, ինչը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնելու խորհրդարանի աշխատանքների արդյունավետությունը:
Նախատեսվում են ԱԺ նախագահի հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական մյուս ուժերի, ինչպես նաև նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԺ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ