Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկորատիվ-կիրառական արվեստի նրբություններին արվեստի դպրոցի սաները ծանոթանում են հեռավար եղանակով

Մայիս 23,2020 21:33

Դեկորատիվ-կիրառական արվեստը դեկորատիվ արվեստի և ժողովրդական ստեղծագործության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծող ոլորտ է եւ հաճելի է տեսնել, որ դրան տիրապետում եւ սովորեցնում են երիտասարդ սերնդին։ Այս ամենի մասին զրուցեցինք Արագածի Գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոցի ուսուցչուհի Շահանե Սերոբյանի հետ։

-Շահանե, Դուք ավարտել եք մանկավարժական համալսարանի կիրառական արվեստ բաժինը, կասեք՝ ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այդ մասնագիտությունը։

-Ամեն ինչ սկսվեց նկարչական խմբակ հաճախելուց։ 5 տարի սովորելուց հետո, երբ պետք է արդեն ընտրեի մասնագիտությունս, ուսուցչուհիս խորհուրդ տվեց ընդունվել մանկավարժական համալսարան։ Քանի որ ես չէի ցանկանում սահմանափակվել միայն նկարելով, ընտրեցի դեկորատիվ-կիրառական արվեստ բաժինը։

-Ի՞նչ ասել է դեկորատիվ-կիրառական արվեստ, ի՞նչ է այն իր մեջ ներառում։

-Սա արվեստի մի ճյուղ է, որն իր մեջ ներառում է գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք կիրառելի են կենցաղում, դա կարող է լինել զարդ, գործվածք, կահույք եւ նման այլ բաներ։

-Կա՞ն այդ մասնագիտության մեջ բարդ կողմեր, եթե այո, ապա որո՞նք են։

-Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր բարդ կողմերը։ Իմ մասնագիտությունը՝ նույնպես։ Տեխնիկական բարդություններից զատ ամենաբարդը քո զգացածը թղթին ճիշտ հանձնելն է եւ վերածելը նյութի այնպես, որ  դիտողը նույնպես զգա այն, ինչ դու ես զգացել այդ աշխատանքը ստեղծելիս։

-Որո՞նք են այն թեմաները, որի շուրջ հիմնականում ստեղծագործում եք։

-Կոնկրետ թեմա նշել կդժվարանամ, քանի որ թեման ծնվում է ոգեշնչումից, իսկ ոգեշնչվել կարելի է ամեն ինչից՝ բնությունից, քաղաքներից, երաժշտությունից եւ այս շարքը կարելի է անվերջ շարունակել։

-Գիտենք նաև, որ աշխատում եք Արագածի Գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոցում որպես կիրառական արվեստի բաժնի ուսուցչուհի, ո՞ր տարիքային խմբերի հետ եք հիմնականում աշխատում։

-Մեր բաժնում կարող են սովորել 6 տարեկանից  սկսած բոլոր անձինք։ Հիմա աշխատում եմ 6-17 տարեկան երեխաների հետ, բայց ինձ այս  տարիների ընթացքում բախտ է վիճակվել աշխատել նաեւ 30 անց տարիքային խմբի հետ։

-Ի՞նչ եք սովորեցնում Ձեր դպրոցի սաներին։

-Այս պահին մեր բաժնում սովորում ենք գորգագործություն, կարպետագործություն (կարպետի 3 տեսակ՝ երկկողմանի կամ մատնաքաշ, շուլալ, սումախ կամ օղաճիտ), գոբելենագործություն (հարթ գոբելեն), ասեղնագործություն (Մարաշի ասեղնագործություն), հելյունագործություն,  կինուսայգա (ճապոնական արվեստ՝ пэчворк без иглы)։

-Հայկական թեմատիկայով աշխատանքներ սովորեցնո՞ւմ եք։

-Իհարկե։ Մեր կատարած աշխատանքների մեջ գերակշռում է  հայկականը։

-Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով դադարեցվե՞լ են Ձեզ մոտ դասերը։

-Այո, սակայն մենք փորձում ենք աշխատել հեռավար։

-Ինչպե՞ս եք գնահատում արդյունավետությունը, հաջողվո՞ւմ է լիարժեք անցկացնել պարապմունքները։

-Հնարավոր չէ լիարժեք անցկացնել պարապմունքը, քանի որ մեր բաժնում ամեն ինչ հիմնված է գործնական աշխատանքի վրա, եւ մի փոքր դժվար է ստացվում ցույց տալ ճիշտ տեխնիկան, սակայն փորձում եմ ամեն տարբերակով ճիշտ ուղղորդել աշակերտներիս։

-Ի՞նչ եք կարծում՝ այս շրջանից հետո Ձեր աշակերտներն ինչ-որ չափով հետ վարժված կլինե՞ն։

-Կարծում եմ՝ ոչ, քանի որ հիմա ավելի շատ ժամանակ են հատկացնում գործելուն, եւ դա օգնում է ավելի վարժ կատարել տրված աշխատանքը։

-Ներկայացվե՞լ են Ձեր և Ձեր աշակերտների աշխատանքները որևէ ցուցահանդեսում։

-Այո, մասնակցել ենք մի շարք ցուցահանդեսների, օրինակ՝ «Մինորա» մրցույթ-փառատոնին, «Ժողովրդական Արվեստի Հանգույց» կրթամշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված «Որդեգրված գորգեր» ցուցահանդեսին, նաեւ ՀՀ նկարիչների միության կողմից կազմակերպված Դեկորատիվ կիրառական արվեստի առցանց ցուցահանդեսին։

-Կա՞ն արդյոք այնպիսի արվեստագետներ, որոնք ձեզ ոգեշնչում են։

-Այո, իհարկե, կան։ Կցանկանամ առանձնացնել հայ ստեղծագործողներից Մինաս Ավետիսյանին, Կարապետ Եղիազարյանին, Մարտիրոս Սարյանին, Սերգեյ Փարաջանովին։ Այլազգի ժամանակակից ստեղծագործողներից՝ Ջոֆրի Ջոնսոնին և Սուսաննա Բաուերին։

-Ամփոփելով մեր զրույցը՝ հետաքրքիր է նաև իմանալ, ունե՞ք արդյոք կարգախոս, որով առաջնորդվում եք եւ ուղղորդում Ձեր աշակերտներին։

-Չեմ կարող չկա, չեմ ուզում կա։

 

Հարցազրույցը պատրաստեց Տիգրանուհի ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ Շահանե Սերոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031