Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման բաց մրցույթներ անցկացնելու նպատակով, ի կատարումն օրենսդրության պահանջների, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը համալրվել է երկու ոլորտային փորձագետներով:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաներով հասարակական հիմունքներով որակավորման հանձնաժողովի անդամ են նշանակվել Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության ավագ խորհրդատու Լևան Բեժաշվիլին և ՀՀ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Արկադի Սահակյանը:
Լևան Բեժաշվիլին ունի հակակոռուպցիոն օրենսդրության մշակման, դատական բարեփոխումներում, պետական կառավարման ոլորտներում երկարատև փորձառություն, որպես փորձագետ ներգրավված է եղել Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԶԾ, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ-Վրաստան»-ի տարբեր ծրագրերում, եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ, Վրաստանի գլխավոր աուդիտոր:
Արկադի Սահակյանը ներկայացնում է ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան, եղել է վերջինիս խորհրդի նախագահը, այդ շրջանակներում ներգրավված է եղել «Ապօրինի հարստացման» քրեականացման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությանը, Հայաստանում ինստիտուցիոնալ Հակակոռուպցիոն մարմին ձևավորելու, տնտեսվարողների և բնակչության շրջանում հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացման, կոռուպցիոն դեպքերի վերհանման և դրա մասին ազդարարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, որպես իրավաբան՝ մասնագիտացած է նաև տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում շահերի պաշտպանության գործընթացներում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և դրա հետ փոխկապակցված «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն): Համաձայն վերջինիս՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրումն իրականացվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից անցկացվող բաց մրցույթների միջոցով:
Այդ նպատակով որակավորման հանձնաժողովում, բացի արդեն գործող 9 անդամներից, ժամանակավորապես ընդգրկվում է ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի, կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող ևս երկու փորձագետ: Նման կառուցակարգը ներդրվել է՝ ապահովելու մրցույթների անցկացման ողջ գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողությունն ու թափանցիկությունը:
Այս համատեքստում, չնայած օրենսդրորեն նման ընթացակարգի բացակայությանը և գլխավոր դատախազին վերապահված լայն հայեցողությանը, ելնելով գործընթացին հանրային մասնակցայնության և մրցակցայնության հիմունքներից, Արթուր Դավթյանի հանձնարարությամբ որակավորման հանձնաժողովում փորձագետների ներգրման համար հայտարարվել էր հայտերի ներկայացման հրավեր, որոնց արձագանքել էին նշված փորձագետները և ներկայացել մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ