Եթե հանրային տրանսպորտում վարորդը խախտել է պարետի պահանջը, տվյալ կազմակերպության ղեկավարը կարող է տուգանվել, 100-300 հազար դրամ տուգանքով, իսկ եթե պահանջը խախտել է ուղեւորը, ապա տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: Նրա խոսքով, Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր կատարելիս բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել եւ տրվել են պարտադիր ցուցումներ. «Այս հինգ օրերի ընթացքում հիմնականում շեշտադրումն արել ենք կանխարգելիչ գործողություններին, իրազեկման աշխատանքներին: Վարորդին կամ ուղեւորին տուգանելը նպատակ չէ եւ դա հանդիսանում է կանխարգելիչ գործողությունների մի մասը: Երթուղին կարող է դադարեցվել, մինչեւ որ պահանջը չկատարվի»:
Նա նաեւ ասաց, որ տրանսպորտի համակարգի համար աննախադեպ իրավիճակ է, քանի որ տրանսպորտը թերբեռնված է աշխատում եւ այդ պատճառով երթուղիների մեծ մասի համար ուղեւորափոխադրում իրականացնելը շահավետ չէ, բայց չնայած դրան իրականացվում է եւ, եթե այս տեմպը պահպանվի հնարավոր է ժամանակավոր չվացուցակներ կազմվեն:
ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանի տվյալներով, ուղեւորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ իրավախախտման արձանագրություն է կազմվել, որից 34-ը տաքսիների, 32-ը՝ երթուղային տաքսիների, 15-ը՝ երթուղային ավտոբուսների եւ տրոլեյբուսների նկատմամբ: Հիմնական խախտումներն, ըստ բանախոսների, առանց դիմակի երթեւեկությունն է ինչպես նաեւ տաքսու վարորդի կողքը նստած երթեւեկությունը:
Հարցին՝ օրվա ընթացքում քանի անգամ է ախտահանվում հանրային տրանսպորտը, Արտյուշ Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ նվազագույնը պետք է երկու անգամ ախտահանվեն՝ հավաքակայաններում, սկզբնակետերում եւ վերջնակետերում: Երկաթուղային տրանսպորտում ըստ պարոն Գրիգորյանի, նույնպես խախտումներ են հայտնաբերվել՝ բացակայել են ախտահանիչ նյութերը, եղել են ուղեւորներ, որոնք փորձել են երթեւեկել առանց դիմակների:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ