Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագիծն ընդունելու դեպքում ե՛ւ գայլերը «վարի կգնան», ե՛ւ մնացած կենդանիները». Նիկոլայ Բաղդասարյանը Ուրիխանյանի՝ Պետաիրավական հանձնաժողով բերած հարցի մասին

Մայիս 23,2020 17:40

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախագիծ, որով, արտակարգ դրության իրավիճակում երեք ամսով վարկային արձակուրդ տրամադրվի, տոկոսներն էլ չհաշվարկվեն:

«Առկա իրավիճակը այնքան ակնառու խնդիրներ է առաջացրել բնակչության մեծամասնության համար, որոնք հանդիսանում են վարկառու»,-ասաց պարոն Ուրիխանյանը՝ նշելով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում պետք է պարտադիր ունենանք կարգավորում: Ուրիխանյանի խոսքով, սա քաղաքական դիրքորոշում է եւ չի ցանկանում տնտեսական հաշվարկներով պատճառաբանել դեմ լինելը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ նախագծում իրավական խնդիրներ կան: Ըստ նրա, բանկը եթե մեկ այլ բանկից վարկով գումար է վերցրել եւ վարկով տվել քաղաքացուն, ապա, արձակուրդ տալու դեպքում չի կարողանալու այդ բանկի նկատմամբ իր պարտավորությունները կատարել: «Այսինքն՝ քաղաքական ձեր դիրքորոշումը ո՞րն է, չսնանկանան մարդիկ, սնանկանան միայն բանկե՞րը»: Ուրիխանյանը պնդեց իր տեսակետը՝ նշելով, որ դա քաղաքական դիրքորոշում է եւ որ արտակարգ դրության պայմաններում սոցիալ-տնտեսական կոնյուկտուրայից բխելով անհրաժեշտություն է տեսնում բացառապես պաշտպանելու քաղաքացու շահերը:

Ապա հարց ուղղեց՝ «Ցրտահարության ժամանակ ավելի շատ վնասի ենթակա են արագիլնե՞րը թե գայլերը: Ես գտնում եմ, որ մեր վարկառուներն արագիլների կարգավիճակում են, իսկ բանկերը՝ գայլերի»: Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց՝ նախագիծն ընդունվելու դեպքում ե՛ւ գայլերը «վարի կգնան», ե՛ւ մնացած կենդանիները:

Քննարկմանը ներկա Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նույնպես դեմ արտահայտվեց այդ նախագծին՝ նշելով, որ այս պայմաններում ուղղակիորեն կդադարի վարկավորումը: Ըստ Երիցյանի, եթե անձը վճարունակության խնդիր ունի, հնարավոր է բանկի հետ քննարկումների արդյունքում լուծում գտնեն եւ այս օրերին բանկերը հենց այդպես էլ անում են: Տոկոսների հետաձգումն էլ, ԿԲ նախագահի տեղակալի համոզմամբ, խնդիրներ կառաջացնի եւ կավելացնի վարկառուի բեռը, ինչը նրան նույնպես կմղի սնանկացման: Բացի այդ պարոն Երիցյանն ասաց, որ բանկ-ավանդատու շղթան կարող է «այլանդակվել ու այլասերվել», որը հետագայում շատ ավելի մեծ խնդիրների ու աղքատացման առաջ կկանգնեցնեի:

Տիգրան Ուրիխանյանի նախագծին հանձնաժողովում դեմ քվեարկեցին: Այն չի ընդգրկվի լիագումար նիստի օրակարգ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031