Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որը քննարկեց մի շարք հարցեր, հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն նշելու մասին նախագծին: Այդ նախագծով առաջարկվում է ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդյան վկայականում ներառել նաեւ հանրային ծառայության համարանիշը: Հարցը քննարկման էր դրված փաթեթով, որտեղ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքից ընդգրկված էր նաեւ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Նրա խոսքով. «2014 թվականից Արդարադատության նախարարությունում ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որը վերաբերվում է քաղաքացիական ակտերի գրանցումներին՝ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելուն: Դա համացանցի միջոցով հասանելի է բոլոր ՔԿԱԳ մարմիններին: Այժմ այս նախագծով մենք քաղաքացիական կացության ակտում՝ երեխայի ծննդյան ակտում, ի թիվս այլ տվյալների, հնարավորություն ենք տալիս, ծնողների փոխադարձ համաձայնությամբ, նաեւ նշել հանրային ծառայությունների համարանիշը»:
Փոխնախարարի համոզմամբ, այս փոփոխությունները քաղաքացիների կյանքը կթեթեւացնի եւ ստիպված չեն լինելու մի քանի պետական կառույցներ այցելել. «ՀԾՀ-ն սոցիալական տարբեր ծառայություններ իրականացնելիս պետք է լինում, եւ ծնողները ստիպված են լինում գնալ բնակության պետական ռեգիստր եւ այնտեղից ստանալ հանրային ծառայությունների համարանիշը»:
Նախագծերից մեկում նշված էր, որ երեխայի ազգությունը նույնպես նշվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ: Նախագծերի փաթեթն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ