Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, Գամկրելիձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ զարմացած է Թորոսյանի գնահատականներից: Նա միևնույն ժամանակ չի բացառել, որ լրագրողները սխալ են մեկնաբանել ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունը: «Անձամբ ճանաչում եմ Արսեն Թորոսյանին: Կզարմանամ, եթե այդ հայտարարությունները նա արել է ուղիղ իմաստով: Հիշեցնեմ, որ մենք մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր պատմություն: Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,-ասել է Գամկրելիձեն:
Մեկնաբանելով Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացության հաշվարկի մեթոդաբանության թափանցիկության վերաբերյալ Թորոսյանի հայտարարությունը՝ նա նշել է, որ այսօր Վրաստանում թեստավորում են բոլոր հիվանդներին, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ, թեստավորում անցկացնում են երկրի բոլոր հիվանդանոցները և լաբորատորիաները:
Գամկրելիձեն նաև շեշտել է, որ Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի ներկայացրած վիճակագրության մեջ տեղ են գտնում միայն PCR (պոլիմերացնող շղթայական ռեակցիա) թեստերը, չնայած երկրում արվում են նաև արագ թեստեր:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունների մասին․
Կարդացեք նաև
«Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի և Վրաստանի հակահամաճարակային համակարգերի մասին, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցին.
«Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, որովհետև Վրաստանում կարծես թե թվերի նվազում կա։ Արդյո՞ք Վրաստանում ընդհանրապես տարբերվել է մեթոդաբանությունը կորոնավիրուսային վարակակիրների հաշվառման և արդյո՞ք իսկապես Վրաստանին հաջողվել է կոտրել վարակի տարածման տեմպը»։
Արսեն Թորոսյանն անդրադարձել է համակարգերի միջև տարբերությանը, ինչը, տեղական և վրացական ԶԼՄ-ներով կտրվել է կոնտեքստից և ամբողջական իմաստից։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է նախարարը նկատի ունեցել՝ մեջբերում եմ խոսքն ամբողջությամբ։
«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։
Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։
Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»։
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2607184409383336
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ