Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը մերժեց «Լուսավոր Հայաստանի»՝ լսումների սահմանափակումները հանելու նախագիծը. գտնում է, որ լսումների մենաշնորհ չկա

Մայիս 23,2020 14:30

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախքան քննարկումը հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ողջունում է նրա ներկայությունը եւ հույս հայտնեց, որ նրան կտեսնի նաեւ լիագումար նիստերի ընթացքում: Սիմոնյանն ի պատասխան նշեց, որ հույս ունի մինչեւ երկուշաբթի իրենց խմբակցության պատգամավորների անվտանգության երաշխիքների վերաբերյալ հայտարարություն կկատարվի: Տարոն Սիմոնյանի խոսքով, նմանատիպ նախագիծ արդեն իսկ ներկայացրել են ԲՀԿ խմբակցության պատգամավորները, սակայն այն «անհաջողության է մատնվել»:

«Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը սույն նախագծում մտահոգություն է հայտնում, ժամանակավոր հանձնաժողովը խորհրդարանական լսումներ կարող է հրավիրել միայն այն ոլորտների վերաբերյալ, որոնք վերապահվել են իր իրավասությանը, այնինչ խմբակցության համար նախատեսված սահմանափակումն, ըստ խմբակցության, անտրամաբանական է:

«Խմբակցությունն ունի Ազգային ժողովի քաղաքական կամքի ձեւավորմանը նպաստելու սահմանադրական առաքելություն (Սահմանադրության 105-րդ հոդված), մինչդեռ քննարկվող կարգավորումը սահմանափակում է այդ առաքելության իրացումը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ ենք համարում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքից հանել այն կարգավորումները, որոնք սահմանափակում են խմբակցությունների կողմից լսումներ հրավիրելու հնարավորությունը»,-ասված է նախագծում:

Նիստին մասնակցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ 7-րդ գումարման Ազգային ժողովում ի՞նչ խնդրի են բախվել, որ այս նախաձեռնությունը ծագել է, արդյոք նրանց խմբակցության հրավիրած լսումները բավարար քանակությամբ չեն եղել, արդյոք նրա կողմից առաջարկություն եղել է Պետաիրավական հարցերով հանձնաժողովին, որը մերժվել է եւ խմբակցությունը ստիպված գնում է այդ քայլին: Նազելի Բաղդասարյանի խոսքով, եթե խոսքը վերաբերում է Սահմանադրական օրենքին, նման հարցերի հետ պետք է ավելի զգույշ վարվել:

Տարոն Սիմոնյանն ասաց, որ դիպվածային խնդիրներ, իհարկե, եղել են. «Կան հասարակական հնչեղության այնպիսի հարցեր, որոնց հետ կապված մենք չենք կարող նախագիծ ներկայացնել, որովհետեւ նախագծով չի կարգավորվում այդ հարաբերությունը եւ,հետեւաբար, այս կարգավորմամբ էլ մեր խմբակցությունը չի կարողացել խորհրդարանական լսումներ իրականացնել»:
Սիմոնյանի խոսքով, պարտադիր չէ, որ ամեն անգամ խմբակցությունը հայցի հանձնաժողովի կամքը, որպեսզի հանձնաժողովի միջոցով խորհրդարանական լսումներ իրականացնի. «Ընդհանարապես խորհրդարանական կառավարման երկրներում պետք չէ այդ լիազորությունները սահմանափակել, եթե որեւէ վախ չկա, որ այդ խմբակցությունները կչարաշահեն իրենց տրված իրավունքը: Ես կարծում եմ, տվյալ պարագայում վախ լինել չի կարող, որովհետեւ մենք ուզում ենք կանգնած լինել խորհրդարանական մշակույթի զարգացման ճանապարհին եւ դա ենթադրում է նաեւ խորհրդարանական ուժերի այդ թվում եւ խմբակցությունների իրավունքների ընդարձակում, որպեսզի նրանց ակտիվությամբ պայմանավորված լինի նաեւ խորհրդարանական մշակույթի զարգացումը»:
Նազելի Բաղդասարյանն արձագանքեց՝ «Գոնե մեր հանձնաժողովում բաց ենք եւ, եթե ձեր կողմից երբեւէ առաջարկ լինի, պատրաստ կլինենք կազմակերպելու խորհրդարանական լսումներ»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ իր գործընկերներին հորդորելու է դեմ քվեարկել, որովհետեւ ավելի շատ խոսվում է լսումների թիվն ընդլայնելու, սահմանափակումները հանելու մասին, քան՝ փորձ է կատարվում լսումներ կազմակերպելու: Նրա խոսքով, ինքը կոչ կաներ կողմ քվեարկել այս նախագծին, եթե իր գործընկերներն, անկախ կուսակցական պատկանելությունից, բերեին բավարար չափով ապացույցներ, որ ԱԺ նախագահը հրաժարվում  է նշանակել լսումներ, երբ կա հանրային հնչեղություն, հանձնաժողովները բացարձակապես մերժում են բոլոր տեսակի առաջարկները լսումներ հրավիրելու: Վարդանյանն ասաց, որ նման պրակտիկա չկա եւ ամենեւին չի պաշտպանում գործող կանոնակարգը: Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ լսումների մենաշնորհ չկա եւ այս քննարկումը իմաստ չունի, քանի որ հանրությանը հուզող հարցերով լսումներ հրավիրելու արգելք չի եղել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031