Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Ստոր, սեռական բնույթի հայհոյանքներն են ասել կնոջս ու երեխաներիս». փաստաբանի տան վրա հարձակման մանրամասները

Մայիս 23,2020 12:15

Օրերս փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի վրա հարձակում էր տեղի ունեցել: «Երկու օր է՝ ընտանիքիս հանդեպ ոտնձգություններ են լինում»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աթանեսյանը:

Փաստաբանը նախ պատմեց. «Ապրում ենք Քանաքեռում, եւ մեր տան հարեւանությամբ հին կինոթատրոն կա, որը հիմա ձայնագրման ստուդիա է: Այդտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, որտեղ խաղում են նաեւ իմ երեխաները: Տիրոջ որդին՝ քառասուն տարեկան, պահանջում է, որ իմ երեխաներն այլեւս չպետք է խաղան այդտեղ: Ես այդ ժամանակ տանը չեմ լինում: Ասել է, թե «այդ փաստաբանը սաղիս կյանքը կերավ»… Այդ մարդու հետ ես որեւէ հարաբերություն չունեմ: Երկրորդ օրը մեր տան եւ այդ հիմնարկի միջեւ գտնվող ճաղավանդակը փակում են պատնեշով: Դե, իրենցն է, այդպես են որոշել: Կինս ասում է այդ մասին, ես էլ ասում եմ, որ ուշադրություն չդարձնի, գուցե սադրանք է»:

Այնուհետեւ, ինչպես կինը պատմել է Աթանեսյանին, առաջին հարկի պատուհանից նայող իր երեխային հայհոյել են. «Ամենավերջին, ստոր, սեռական բնույթի հայհոյանքներով՝ յոթ տարեկան տղայիս… հասուն մարդկանց մասին է խոսքը՝ քառասուն տարեկանն ամենաերիտասարդն է: Տղայիս ցավը տանեմ՝ պատասխանում է, մոտենում են եւ ուզում են պատուհանից խփել: Կինս դուրս է վազում պատշգամբ, եւ ամենաստոր հայհոյանքներն են հնչում նրա հասցեին: Ընտանիքս փակվում է տանը, հարձակվում են ամենավատ բառերով, ասում, որ տունս քանդելու են, այս են անելու, այն են անելու ու նորից շեշտում են իմ՝ փաստաբան լինելը»:

Աթանեսյանի կինը զանգում է, ամուսինը շտապ հասնում է տուն: «Հասկանալի է, որ նման ստորության համար պատճառ չկա, դա սադրանք է: Տան, երեխաների վրա հարձակումը չունի արդարացում, անգամ եթե այդ մարդիկ ինձ հետ կոնֆլիկտ ունենային, բայց ոչ մի բան չկա»,-համոզմունք հայտնեց Տիգրան Աթանեսյանը: Նա զանգել է ոստիկանություն. «Միջադեպը շարունակվում է արդեն իմ հետ: Հարձակվում են իմ վրա, եւ եթե չլինեին ոստիկանները, գուցե ես այսօր ճաղերի հետեւում լինեի, որովհետեւ չգիտեմ, թե ինչով կավարտվեր դա: Ամեն մեկդ էլ կհասկանա, երբ իր կնոջն ու անչափահաս երեխաների վրա թափթփուկներ են հարձակվում: Մեկը թմրանյութ վաճառող է՝ ոչնչություն»:

Փաստաբանը կարծում է, որ այս միջադեպը կենցաղային չէ, որովհետեւ կենցաղային բնույթի պատճառ չկա. «Տարիներ առաջ այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը մի ակցիա էր կազմակերպել՝ իբր սնունդ էր բաժանում: Դա եղել է հենց այդ հիմնարկում, նրանք սերտ կապեր ունեն ներկայիս իշխանավորների հետ: Հաշվի առնելով իշխանության հետ սերտ կապերը՝ համոզված եմ, որ այդտեղից է գալիս: Ինչո՞ւ պետք է ընտանիքիս վրա հարձակվեին ու նշեին իմ՝ փաստաբան լինելը: Չեմ կարող ասել, որ իրենց ցուցում են տվել նման կերպ անել, բայց որ ոգեւորել են եւ ասել, որ կարող են դա անել ու մարսել, այսպես է: Պահանջում եմ, որ հարձակվողները պատասխանատվության ենթարկվեն, եւ այդ շղթան բացահայտվի: Համոզված եմ, որ սա կապված է իմ մասնագիտական գործունեության հետ: Այս փուլում ես պաշտպանում եմ քաղաքական հետապնդումների ենթարկվածներին, եւ դա իմ հանրային դիրքորոշումն է իշխանության հանդեպ: Նրանք ինձ չեն ներում, որ եղել եմ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, եւ հիմա իր վարած քաղաքականության առնչությամբ հակառակ դիրքորոշում ունեմ»:

Հավելենք, որ միջադեպին արձագանքել է ՀՀ ՄԻՊ-ը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031