Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխությամբ առավել հմտացած եւ փորձառու իրավաբանները կդառնան դատավորներ. Արման Բաբաջանյանի նախագիծը

Մայիս 23,2020 11:46

Այսօր Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց պատգամավոր Արման Բաբաջանյանի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին հարցը:

Պատգամավորի խոսքով, փոփոխությամբ նախատեսվում է Դատական օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասում կամ «հետբուհական լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպություն» բառերի փոխարեն լրացնել Արդարադատության ակադեմիա պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ Հայաստանի հանրապետության Փաստաբանական դպրոց անվանումները:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ասաց, որ իրենք էլ առաջարկել են «լրացուցիչ կրթական ծրագրերի» փոխարեն լինի Արդարադատության ակադեմիայում եւ փաստաբանական դպրոցում ուսանելու հարցը եւ այս փուլում առարկություններ չունեն: Որոշումն ընդունվեց միաձայն եւ այն ընդգրկվեց գալիք նիստերի օրակարգ:

Փոփոխությամբ նպատակ է հետապնդվում միաժամանակ ապահովելու գիտական եւ գործնական հարթություններում առավել հմտացած եւ փորձառու իրավաբանների ներգրավումը որպես դատավորներ, սակայն ինչպես օրենքի հիմնավորման մեջ է նշված, առաջանում է այդչափ խիստ պահանջները դատավորների թեկնածուներին վերաբերող ընդհանուր պահանջների հետ համադրելու եւ դրանք միասնական համակարգային տրամաբանության մեջ տեղավորելու անհրաժեշտություն, ինչը համակարգային տրամաբանության տեսանկյունից այդ մոտեցումն անհասկանալի է:

«Կան կազմակերպություններ, որոնք առավել նեղ մասնագիտական կրթական ծրագիր են իրականացնում, սակայն չեն հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատություն, որքանով որ չեն տեղավորվում «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված «բարձրագույն ուսումնական հաստատություն» հասկացության մեջ, ինչպես օրինակ «Դատախազության դպրոց» ՊՈԱ կազմակերպությունն է եւ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունն է: Առաջարկվող նախագծով գիտական հարթությունում փորձառու իրավաբանների որպես դատավորներ ներգրավման նպատակի համար կարող է բավարար լինել գիտական աստիճան ունենալը եւ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելը, իսկ գործնական հարթությունում՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառությունը, որը ներառում է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական կամ լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունում դասավանդման ժամանակահատվածը»,-ասված է հիմնավորման մեջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031