Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ դատական նիստին կսկսվի Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գործով բուն դատաքննությունը. «Հայկական ժամանակ»

Մայիս 23,2020 11:35

ՀՀ վարչական դատարանում դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ երեկ կայացել է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք՝ Գագիկ Ջհանգիրյանը վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականին իրեն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը: Նա հայցադիմումը դատարան է ներկայացրել 2019 թվականի նոյեմբերին, եւ այս ամիսների ընթացքում նշանակված դատական նիստը կորոնավիրուսով պայմանավորված հետաձգվել էր:

Հայ ազգային կոնգրեսի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ջհանգիրյանն այսօրվա նիստին չի մասնակցել, տեղի է ունեցել նախնական դատական նիստ, որի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրել է հայցադիմումի առարկան, հիմքերը: Հիմնավորումները, ըստ Խաչատրյանի, ծավալուն են, սակայն հիմնականն այն է, որ նախագահը, որպես այդպիսին, չի ունեցել լիազորություններ այդ երկու հրամանագրերը ստորագրելու. «2008 թվականին գործող Սահմանադրության 55-րդ հոդվածը սպառիչ թվարկում է նախագահի լիազորությունների սահմանը, որոնց մեջ մտնում է կոչումներ շնորհելը, բայց դրանցից զրկելու վերաբերյալ որեւէ բան գրված չէ, այսինքն՝ նախագահին տրված չէ լիազորություն՝ անձին կոչումից զրկելու, եւ որպես այդպիսին, նման անձ էլ չկա. դասային աստիճաններից, պարգեւներից, կոչումներից անձը կարող է զրկվել բացառապես դատարանի որոշմամբ»:

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելուն, այս դեպքում, ըստ Խաչատրյանի, խաթարվել են իրավական գործընթացները. «Որպեսզի նախագահը լիազորված լիներ Գլխավոր դատախազի տեղակալին աշխատանքից ազատել, ապա այն ժամանակ գործող «Վարչական վարույթի եւ վարչարարության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ պետք է ապահովված լինեին բոլոր վավերապայմանները տեղակալին աշխատանքից ազատելու համար, էթիկայի հանձնաժողովի իրավաչափ որոշում պետք է լիներ, որը այս դեպքում չի եղել, կամ որոշումը իրավաչափ չի եղել, որից հետո պետք է նորից որոշակի գործընթաց լիներ»: Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ «Դատախազության մասին» օրենքով՝ որպես տույժ կարող էր նաեւ կիրառվել դասային մեկ աստիճանի իջեցում, այլ ոչ թե ամբողջությամբ զրկում, բայց դա էլ պիտի արվեր դատարանի որոշմամբ:

Խաչատրյանի խոսքով՝ գործում կան նաեւ փաստեր, ըստ որոնց՝ ոչ միայն խախտված են եղել կարգապահական վարույթի ժամկետները, այլ առկա է եղել պաշտոնեական կեղծիք. «Ամսաթվեր են հետ ու առաջ արվել, որոնք արդեն դատաքննության փուլում կմանրամասնենք»: Հարցին՝ պաշտոնեական կեղծիքը հետագայում կարո՞ղ է քրեական գործի հարուցման հիմք հանդիսանալ, Խաչատրյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, վաղեմության ժամկետներն արդեն անցել են, բայց ամեն դեպքում, գործընթացը խաթարված է եղել, առանց փաստական հիմքերի նախագահը լիազորություն չուներ Դատախազի տեղակալին ուղղակի հրամանագրով աշխատանքից ազատելու»: Ինչ վերաբերում է առոչինչ պահանջով հայցերի համար վարչական վարույթի ժամկետներին, այն օրենքով սահմանափակված չէ. «Այսինքն՝ ցանկացած փուլում, եթե հայտնի են դառնում առոչինչ ճանաչելու հիմքեր, անձը կարող է դիմել դատարան»:

Նրա համոզմամբ՝ հայցադիմումը պետք է դիտարկել 2008 թվականին գործով իրավակարգավորումների շրջանակում, որովհետեւ փոխվել է թե Սահմանադրությունը, թե «Դատախազության մասին» օրենքը. «Բազմաթիվ դրույթներ փոխվել են նաեւ Աշխատանքային օրենսգրքում, Վարչական դատավարության օրենսգրքում, եւ եթե չեմ սխալվում, նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթների մասին» օրենքում»,- նշեց նա:

Նշենք, որ պատասխանող կողմն այսօրվա դատական նիստին չի մասնակցել. «Պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել, որքանով հասկացանք, հայցին չեն պատասխանել կամ չեն առարկել, ամեն դեպքում, հաջորդ դատական նիստին կսկսվի բուն դատաքննությունը, մենք կներկայացնենք ապացույցները, փաստական հանգամանքները, գլխավորը դեռ առջեւում է».- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ հաջորդ նիստի օրվա վերաբերյալ դեռեւս չեն ծանուցվել:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031