Հայաստանը ճգնաժամի պայմաններում ճգնաժամ է ապրում: Համավարակի գլոբալ ազդեցությունից ոչ մի երկիր զերծ չի մնացել, եւ Հայաստանը բացառություն չէ: Վարակը կաթվածահար է արել տնտեսությունը եւ շուռ է տվել հանրային առողջապահության համակարգը բոլոր երկրներում: Հայաստանը բավական արդյունավետ կերպով է կարողանում պայքարել համավարակի դեմ: Սակայն այդ նույն վարակի հանդեպ քաղաքացիների ճակատագրապաշտական մոտեցումը դժվարացնում է առողջապահության բնագավառի աշխատողների գործունեությունը:
Հայաստանն առանց այն էլ գտնվում է «ոչ-պատերազմ, ոչ-խաղաղություն» իրողության մեջ, մի կացություն, որն ստիպում է իրենց երեխաների ապագայի մասին մտածող ծնողներին արտագաղթել երկրից: Սա աստիճանական հյուծման պատերազմ է, որի հետեւանքները կարող են գնահատել թուրքերն ու ադրբեջանցիները: Սա նաեւ ցածր լարվածության պատերազմ է, եւ հայրենասիրության ոչ մի չափաբաժին չի կարող դրա առաջքն առնել: Այդ պատճառով էլ այս պատերազմական իրավիճակն ու շրջափակումը պետք է համարել ապակայունացմանը նպաստող ծայրահեղ գործոններ:
Վերջերս, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այս հրավառ կացությանը յուղ ավելացրեց ադրբեջանամետ իր հայտարարությամբ: Դա երկար սպասված հարված էր, հաշվի առնելով Հայաստանում հնչող հակառուսական հռետորաբանությունն ու ժամանակ առ ժամանակ իրականացվող գործողությունները: Լավրովը ցնցեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտարարելով, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի փաստաթուղթ կա, որը քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից: Նա նաեւ ավելացրեց, որ փաստաթուղթը կանխատեսում է փուլային կարգավորում, որը պետք է սկսի Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող որոշ շրջաններից հայկական զորքերի դուրս բերմամբ:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ժխտեց նման փաստաթղթի գոյությունը: Սովորաբար, բանակցությունների գործընթացում ծավալվող գլխավոր զարգացումները բացահայտվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների կողմից: Ռուսաստանի միակողմանի հայտարարությունը ցույց էր տալիս, որ Ռուսաստանը հաշիվներ ունի մաքրելու Հայաստանի հետ: Նման ենթադրության հիմք կարող է ծառայել այն, որ բացի փաստաթղթի վերաբերյալ հայտարարությունից, Լավրովը հանդիմանական խոսքեր էր ուղղել Երեւանինՙ Գազպրոմի եւ Հարավային Կովկասի երկաթուղային համակարգի (որոնք Ռուսաստանին են պատկանում) դեմ դատական գործընթաց սկսելու կապակցությամբ:
Կարդացեք նաև
Այսքանով բավարարվենք նշել երկրին ապակայունացնող արտաքին գործոնների մասին, որոնց նկատմամբ Հայաստանը դիմագրավելու արդյունավետ լծակներ չունի: Դժբախտաբար, դրանց գալիս են միանալու ներքին գործոններ, որոնցից գուցե կարելի կլիներ խուսափել ավելի շրջահայաց կառավարման եւ խոհեմ քաղաքականության կիրառման շնորհիվ:
Խոսքը նախ այն արշավի մասին է, որ ծավալվեց ընդդեմ Սահմանադրական դատարանի, որի նախագահ Հրայր Թովմասյանը մազաչափ անգամ չզիջեց իր դիրքերը: Թավշյա հեղափոխության ծայրահեղականների թեւը կոչ արեց անմիջապես արձակել դատարանը, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը առարկեց, հաշվի առնելով միջազգային հանրության հանդեպ իր ստանձնած պարտավորվածությունները: Որոշվեց հանրաքվե անցկացնել, անուղղակի միջոցով նոր օրենքներ ընդունել եւ դուրս գալ անելանելի կացությունից: Սա միանշանակ չընդունվեց ո՛չ իշխող, ո՛չ նախորդ իշխանությունների, ո՛չ էլ երկուսի արանքում շփոթված հանրության կողմից:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում