ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է՝ մարդկանց թույլ տալ ընտրել իրենց նախընտրած պետհամարանիշը։ Մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է այս նախագիծը, որը նոր է մտել շրջանառության մեջ։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նպատակը բյուջեի մուտքերն ավելացնելն է։ «Մուտքերն ավելացնելը, ինչպես նաեւ՝ հաճախ դիմում են, ու նման պրակտիկա աշխարհով մեկ գոյություն ունի՝ Վրաստանում, ԱՄՆ-ում, եւ մենք դրա հաշվին կարող ենք, օրինակ, մեր ոստիկանների աշխատավարձը կամ պրեմիաները բարձրացնել, կարող ենք նոր մեքենաներ գնել իրենց համար։ Դա արդեն ոստիկաններն իրենք կորոշեն»,- ասաց պարոն Սիմոնյանը։
– Իսկ որքա՞ն է լինելու այդ համարանիշների արժեքը՝ հաշվի առնելով, որ այսօր ամենաթանկ համարանիշը 8 մլն դրամ է։
– Գին որոշված չէ, դա նույնպես թողնված է ոստիկանության հայեցողությանը, բայց կարծում եմ՝ կարող է լինել կա՛մ աճուրդային, կա՛մ ինչ-որ ֆիքսված գին, բայց բարձր բավականին։ Ես կողմնակից եմ աճուրդային գնին, որն աշխատում է նույն տրամաբանությամբ հեռախոսահամարների դեպքում։
– Իսկ քաղաքացին կարո՞ղ է իր ցանկացած թիվը կամ անունը գրել տալ։
Կարդացեք նաև
– Ոչ, չի կարող։ Օրինակ՝ ոստիկանությունը որոշում է, որ հանում է վաճառքի A, B, C, D եւ այդպես 27 հատ տառ եւ 1100 թիվ։ Քաղաքացին մտնում է համակարգ, օրինակ՝ դու ուզում ես V տառը գնել, բայց դու չես կարող VA տառերը միասին գնել, որովհետեւ դա դեռ վաճառքի հանված չէ, կարող է մի օր հանի, կարող է՝ չհանի, իր ձեռքն է։ Այսինքն՝ ինքն ասում է, որ V տառը հանում է վաճառքի, աճուրդի նախնական գինը 5 մլն դրամ է։
– Զուտ մշակույթի առումով գուցե հակառա՞կը լինի, որ ոչ թե գինը բարձր լինի, այլ հակառակը՝ ամենագոլդ համարները լինեն ամենացածր արժեքով, որպեսզի այդ ցուցամոլությունն ու մշակույթն էլ մեր միջից վերանան, որ պետհամարանիշով մարդկանց բարձր ու ցածր չդասեն։
– Չի ստացվի, որովհետեւ դրա փորձն աշխարհում գոյություն չունի։ Այսինքն, եթե դրա հնարավորությունը կա, միշտ գտնվում են մարդիկ, որոնք որ դա անում են։
– Դե, մենք կարող ենք մեր չափանիշները սահմանել եւ մշակութային հեղափոխություն անել այդ հարցում, որ «գոլդ» համարներն այլեւս հարգի չլինեն։
– Ես որ մեքենա գնեմ, որոշել եմ, որ իմ համարը լինելու է ամենախառը համարը։ Նույնիսկ ես համար ունեմ, որ շատ վաղուցվանից կա՝ 55 AL 100, որը ժամանակին կինս վճարել ու առել է ինձ նվեր, ես հիմա էդ համարանիշը հետ եմ տալիս։ Երբ ես մեքենա ունենամ, վերցնելու եմ խառը համարներ, օրինակ՝ 35 VL 362 կամ նման մի բան։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում