Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյան. «Սահմանադրական դատարանում երկու տեսակի անդամներ եւ դատավորներ չպետք է լինեն». «Հայկական ժամանակ»

Մայիս 23,2020 10:37

ՀՀ արդարադատության նախարարությունից ՀԺ-ին տրամադրված պարզաբանման մեջ մանրամասնվում էր այն մեթոդը, որով իշխանությունները մտադիր են լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը: Ըստ այդմ՝ առաջիկայում հնարավոր է՝ ՍԴ անդամի կարգավիճակից հեռացվեն այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 եւ ավելի տարիներ:

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների կենսագրությունները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նման կարգավորման պարագայում պաշտոնից կհեռանան նրանցից 3-ը:

Ալվինա Գյուլումյան– Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ է նշանակվել դեռ 1996 թվականից, պաշտոնավարել՝ մինչեւ 2003 թվականը, այնուհետեւ՝ 2014-ից, նա կրկին նշանակվել է դատարանի անդամ: Ստացվում է, որ Գյուլումյանը այս պաշտոնին է արդեն 13 տարի: Ուստի, չնայած որ նա երկրորդ ժամկետում պաշտոնավարել է 6 տարի, սակայն հեռացող դատավորներից մեկը կլինի նա, որովհետեւ Սահմանադրության 7-րդ գլխում ասվում է, որ ՍԴ անդամը պաշտոնավարում է 12 տարի՝ չտարանջատելով՝ այդ տարիները մե՞կ նշանակման արդյունք են, թե՞ երկու:

Հրանտ Նազարյան– Նազարյանը ՀՀ նախագահի հրամանագրով ՍԴ անդամ է 1996 թվականի փետրվարի 5-ից, այսինքն՝ նա արդեն այս պաշտոնին է 24 տարի եւ կարող է լինել երկրորդ հեռացողը:

Ֆելիքս Թոխյան– ՍԴ անդամ է նշանակվել 1997 թ. սեպտեմբերի 23-ին։ Այս պաշտոնին է արդեն 23 տարի: Նա կարող է դառնալ երրորդ հեռացողը:

Ահա, նման սցենարի պարագայում ՍԴ գործող կազմում կմնա 6 անձ՝ Աշոտ Խաչատրյանը (նշանակվել է 2010-ին եւ դեռ 2 տարի ունի), Արեւիկ Պետրոսյանը (նույնպես 2010-ին է նշանակվել եւ 2 տարի ունի պաշտոնավարելու), Հրայր Թովմասյանը (պաշտոնավարում է 2018-ից), Արայիկ Թունյանը (նշանակվել է 2014-ին եւ դեռ 6 տարի ունի պաշտոնավարելու), Արման Դիլանյանը (պաշտոնավարում է 2018 թ. սեպտեմբերի 13-ից), Վահե Գրիգորյանը (2019 թ. հունիսի 18-ից):

Ինչպես հայտնի է, գործող Սահմանադրության հեղինակները անցումային դրույթներում ամրագրել են, որ 12 տարվա սահմանափակումը վերաբերի միայն 2018-ից հետո նշանակվածներին: Մյուսների պաշտոնավարման ժամկետը մինչ թոշակի անցնելն է:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, թե վերը նշված տարբերակը իրականացնելու պարագայում ովքե՞ր եւ ի՞նչ մեխանիզմով են փոխարինելու ՍԴ հեռացված անդամներին:

– Պարո՛ն Հովակիմյան, արդարադատության նախարարությունը երեկ մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցերը վերաբերում են Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման մեխանիզմին: Մեխանիզմը, որքան հասկացանք, հետեւյալն է. այն դատավորները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել, հեռանում են, ՍԴ անդամներն իրենց կազմից նոր նախագահ են ընտրում: Ինչպե՞ս է տեղի ունենալու այդ հեռացումը, եթե այս ճանապարհով գնաք: Ո՞վ է նրանց հեռացնում:

– Դա պետք է տեղի ունենա Սահմանադրության փոփոխությամբ: Տվյալ դեպքում Սահմանադրական փոփոխությամբ ՍԴ ներկայիս կառուցվածքը դարձվելու է համահունչ գործող Սահմանադրության 7-րդ գլխին, այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանում երկու տեսակի անդամներ եւ դատավորներ չպետք է լինեն: 7-րդ գլուխը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանի դատավորը պաշտոնավարում է 12 տարի. դա նշանակում է, որ բոլոր դատավորներն ու անդամները պաշտոնավարում են 12 տարի: Եթե այս պահին կան 12 եւ ավելի տարի պաշտոնավարող անդամներ կամ դատավորներ, Սահմանադրական փոփոխություններով առաջարկվելու է, որ նրանց լիազորությունները դադարեցվեն:

– Սահմանադրական փոփոխությունը տեղի է ունենալու Ազգային ժողովո՞ւմ:

– Այո՛, այս նախաձեռնության, այս գործընթացի ողջ իմաստն այն է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը, այն է՝ ՍԴ կառուցվածքը Սահմանադրության 7-րդ գլխին համահունչ դարձնելը, իրականացնի Ազգային ժողովը, ոչ թե՝ հանրաքվեով:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031