ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթի լրագրողներին։
– Տեղեկություն տարածվեց, որ ձեւավորվում է Արթուր Վանեցյան- Տիգրան Ավինյան տանդեմ, դա այդպե՞ս է։
– Թրենդի մեջ պատասխանեմ՝ չեմ պատասխանի այդ հարցին։
– Որպես ԱԱԾ նախկին տնօրեն՝ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։
Կարդացեք նաև
– Ցանկացած մարդ, առավել եւս՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա, պետք է իմանա իր խոսքի արժեքը։ Ցավոք, մենք չենք տեսնում, որ գործող վարչապետը գիտի իր խոսքի արժեքը։ Դա անլուրջ եւ անհավասարակշիռ հայտարարություն էր, որը միջազգային հանրության եւ մեր քաղաքացիների շրջանում տարակուսելու առիթ տվեց։
– Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի վրա կա՞ն արտաքին ճնշումներ՝ նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանից կան հիասթափվածներ, քանի որ նա հրաժարվեց վեթինգի գաղափարից եւ այլ ծրագրերից։
– Ես հարցի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Կարող եմ ասել, որ այս իշխանություններն իրենց հայտարարած ցանկացած բարեփոխում կամ գործ չեն կարողանում հասցնել տրամաբանական ավարտին։ Դա խոսում է նրանց ապիկարության մասին, նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Դուք մատնանշեցիք վեթինգը, ես կարող եմ ասել, որ վեթինգ չանելու հիմնական պատճառն այն է, որ նրանք ուղղակի չեն կարողանում անել դա, որովհետեւ ապաշնորհ են եւ անգրագետ։ Հավատացեք ինձ, իրենց ոչ մի բան չի խանգարում, պետք է ուղղակի փոփոխություն անելու կամք եւ փոփոխությունը կյանքի կոչելու ունակություն։ Նրանք չեն կարողանում որեւէ ոլորտում անել խորքային բարեփոխումներ, չեն կարողանում որեւէ ոլորտ նորմալ կառավարել։ Պետական կառավարման ամբողջ համակարգն այսօր քաոսի մեջ է։
– Դուք ասացիք, որ ընդդիմադիր քաղաքական ուժ եք ստեղծում, հասկանալի է, որ սկզբում լինելու եք արտախորհրդարանական ընդդիմություն, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն այսօրվա փոխհարաբերությունները։ Արդյոք Դուք պատրա՞ստ եք խաղի նման կանոններով խաղալ։
– Մենք որեւէ դեպքում չենք հարմարվելու այսօրվա իշխանությունների կողմից թելադրվող կանոններին, որոնք ուղղակի շատ ցածր որակի են։ ՀՀ-ում այսօր քաղաքական բանավեճն իջեցվել է շրիշակից ցածր մակարդակի, եւ դրա միակ պատասխանատուն իշխանությունն է։ Նրանք են թելադրում, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական դիսկուրսը։ Անհասկանալի ելույթները, տարօրինակ պահվածքը, ոչ ադեկվատ խոսքերը եւ այլ անթույլատրելի արարքները բերել են այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է մեր քաղաքական դաշտում։ Իհարկե, խորհրդարանական ընդդիմությունն իր գործունեության ընթացքում փորձում է չիջնել այդ մակարդակին, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ դիսկուրսն իջնի շատ ցածր մակարդակի, որովհետեւ իրենք մանիպուլյատիվ դաշտում շատ ուժեղ են, գրեթե պրոֆեսիոնալ են։
Այս համատեքստում ես կուզեի մի բան ասել․ քաղաքական տերմինաբանության մեջ «Պողոսի» կերպարը դրվեց շրջանառության մեջ իշխանությունների կողմից։ «Պողոսի» հավաքական կերպարը հավասարեցվեց անգրագետ, որեւէ բան չհասկացող մի մարդու, որն ապրում է Հայաստանում եւ առանց հասկանալու սատարում է գործող իշխանություններին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իրենց փրկել է «նախկիններից»։ Ես համոզված եմ, որ առաջիկայում մարդիկ կհասկանան այս թեզը եւ դուրս կգան էյֆորիկ վիճակից։ Արդեն դուրս են գալիս։
– Դուք առաջարկ եք արել՝ հումանիտար աղետից խուսափելու համար հակաճգնաժամային կառավարություն ձեւավորել։ Ի՞նչ է դա, ո՞վ պետք է ղեկավարի։
– Երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները, իրականում, չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է։ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե «ապակենտրոն պայքար ենք սկսում կորոնավիրուսի դեմ», պարզ լեզվով նշանակում է՝ «ժողովուրդ ջան, մենք ձախողվեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք»։ Համավարակը լակմուսի թուղթ էր՝ եղավ համավարակ, եւ մենք հասկացանք, որ երկրում չկան պրոֆեսիոնալներ, չկա համախմբվածություն, տիրում են ատելությունը եւ բաժանարար գծերը, որն ուղղակի անթույլատրելի է։
Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են եւ որոնք առանց պարգեւավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը։ Հավատացեք, առաջիկայում այս պահանջը կդառնա օրակարգային, եւ մենք կխոսենք կոնկրետ գործողությունների մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում