Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Վատ չէ, որ գազի գնի հարցում Հայաստանը միայնակ չէ, եւ ԵՏՄ շրջանակներում կա Բելառուսի հետ շահերի համընկնում»

Մայիս 23,2020 13:30

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ Փաշինյանի քաղաքական թիմը դիրքորոշման փոփոխություն է թույլ տվել՝ հակամարտության կարգավորման շրջանակներում շփումները ադրբեջանական կողմի եւ համանախագահների հետ ճանաչելով բանակցություն:

– Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանում եւ Նախիջեւանում սկսած խոշոր զորավարժությունները՝ առանց նախնական ծանուցման, հարձակվողական բնույթի եւ այն էլ COVID-19 համաճարակի պայմաններում: Այս ռազմավարությունների ֆոնին ի՞նչպես կգնահատեք Հայաստանի քայլը՝ հարվածային անօդաչուների փորձարկումն ու անցումը սերիական արտադրության:

– Թեեւ այժմ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ նախաձեռնելու համար աշխարհաքաղաքական պայմանները ձեւավորված չեն, մենք հակառակորդի զինուժի ցանկացած շարժ պետք է դիտարկենք որպես հարձակման անցնելու քողարկված նախապատրաստում: Սա նշանակում է, որ հայկական զինված ուժերը բոլոր ճակատներում պետք է պատրաստ լինեն դիմակայել հակառակորդին, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ կանխարգելիչ գործողություններ ու հարվածներ իրականացնել: Ռազմական անօդաչու սարքերի փորձարկումների ցուցադրությունը կարելի է գնահատել որպես հայկական կողմի՝ հակառակորդին նախազգուշացնելուն եւ նրա ռազմաշունչ նկրտումները զսպելուն ուղղված քայլերից մեկը: Անշուշտ, հետաքրքիր կլինի տեսնել, թե ադրբեջանական իշխանություններին ու բանակային ղեկավարությանը որքանով կհաջողվի զերծ պահել շարակազմին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ռիսկերից՝ մեծ քանակությամբ մարդկանց մասնակցությամբ այս կարգի միջոցառումը կարող է հենց ադրբեջանական զորքում հիվանդության անվերահսկելի տարածման պատճառ դառնալ:

– Մի առիթով նշել էիք, որ Փաշինյանի մոտ նահանջ է նկատվում Արցախի հարցում, մեկ այլ առիթով էլ կարծիք հայտնել, որ Փաշինյանի թիմը ԼՂ բանակցությունների հարցում դիրքորոշում է փոխել: Կբացե՞ք փակագծեր եւ կանդրադառնա՞ք համակամարտության հետ կապված վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններին:

– Ըստ էության, վարչապետ Փաշինյանի քաղաքական թիմը դիրքորոշման փոփոխություն է թույլ տվել՝ հակամարտության կարգավորման շրջանակներում տեղի ունեցող իրենց շփումները ադրբեջանական կողմի եւ համանախագահների հետ ճանաչելով բանակցություն: Բանն այն է, որ մինչ այդ տեւական ժամանակ վարչապետն այդ շփումները խորհրդակցություն էր կոչում եւ մերժում էր դրանց վերաբերյալ «բանակցություն» եզրույթն օգտագործելու հնարավորությունը: Հավանաբար մի կողմից դա պայմանավորված էր նրանով, որ ՀՀ գործադիր իշխանության ղեկավար դառնալուց հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ իրավասու չէ բանակցային սեղանի մոտ ներկայացնելու նաեւ արցախահայությանը, իսկ մյուս կողմից էլ, իր պնդմամբ, նա չի կարող այդ շփումները բանակցություն համարել, քանի դեռ համանախագահներն իրեն բավարարող պարզաբանումները չեն տվել Մադրիդյան սկզբունքներ կոչված բանակցային օրակարգի վերաբերյալ: Օրերս ՀՀ իշխանական թիմի ներկայացուցիչները ադրբեջանական կողմի եւ համանախագահների հետ իրենց շփումները սկսեցին բանակցություն անվանել, թեեւ Արցախի անմիջական մասնակցությամբ եռակողմ բանակցային ձեւաչափն այդպես էլ դեռ չի վերականգնվել ու նաեւ որեւէ կերպ անգամ չի ակնարկվել, որ վարչապետ Փաշինյանը համանախագահներից պահանջված իրեն բավարարող պարզաբանումները ստացել է: Այսինքն, ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից նախապես հնչեցված մոտեցումները փոխվել են, կամ էապես մեղմվել, եւ այդ փոփոխության պատճառներն անհայտ են, ինչը շատերին է մտահոգում:

– Գազի գնի հետ կապված Վլադիմիր Պուտինն ըստ էության մերժեց եւ պայման դրեց՝ ԵՏՄ երկրների վեհաժողով-տեսակոնֆերանսում, անդրադառնալով գազի գնի վերաբերյալ Հայաստանի եւ Բելառուսի հարցադրումներին, նշեց, որ ԵՏՄ տարածքում գազի միասնական գնագոյացման մասին խոսելը վաղ է: Նա ասաց, որ այդ մեխանիզմի համար պետք է ավելի խորը ինտեգրացիա: Ի՞նչ է սա նշանակում: Ի՞նչ ճանապարհով կգնա Հայաստանը:

– Այս պահին դժվար է ասել, թե Հայաստանն ինչ ճանապարհով կգնա: Դրա համար կարեւոր է նաեւ հասկանալ, թե ինչ նկատի ուներ ՌԴ նախագահ Պուտինը՝ ԵՏՄ անդամ-պետությունների ավելի խորը ինտեգրման անհրաժեշտության մասին խոսելիս: Ամեն դեպքում վատ չէ, որ այս հարցում Հայաստանը միայնակ չէ, եւ ԵՏՄ շրջանակներում կա Բելառուսի հետ շահերի համընկնում: Գազի թեման ինքնին աշխատատար է եւ հայ-ռուսական հարաբերություններում այն ունի ոչ միայն բացառապես տնտեսական, այլեւ քաղաքական մեծ նշանակություն: Կարծում եմ, որ հայաստանյան իշխանությունները պետք է գործեն սառնասրտորեն ու կարողանան այս հարցը դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ընդհանուր համատեքստում, իսկ դրան զուգահեռ նաեւ ուսումնասիրեն կամ մշակեն հնարավոր շահեկան այլընտրանքային տարբերակները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031