Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման եւ ՌԴ-ի հետ դրամական փոխանցումների ծավալները էականորեն կկրճատվեն

Մայիս 23,2020 13:00

Կանխատեսում է ՎԶԵԲ-ը

2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի  կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով: Այսպիսի կանխատեսում է արել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը՝ ՎԶԵԲ-ը: Բանկի մասնագետների կարծիքով Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ Ըստ նույն աղբյուրի, գլոբալ անորոշությունը, նվազող պահանջարկը, պարենային ապրանքների գների անկայունությունը ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ նվազեցնելով հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման, ինչպես նաեւ, կկրճատեն Ռուսաստանի հետ դրամական փոխանցումների ծավալները:

Բանկի մասնագետների կանխատեսմամբ, սոցիալական սահմանափակումներն ու ցածր շարժունակության երկարատեւ միջոցառումները կվնասեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, որը մեծապես կախված է արտերկրում ապրող հայերի այցերից:

Ըստ զեկույցի հեղինակների, վերականգնումը կախված կլինի երկրի ներսում վիրուսի տարածումը զսպելուն ուղված միջոցառումների աստիճանական թուլացումից եւ տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից. «Այս տարի ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների տնտեսությունները, հավանաբար, միջինում 3,5 տոկոսով անկում կգրանցեն, իսկ 2021 թվականին հնարավոր է 4.8 տոկոս աճ ունենան»,-նշված է զեկույցում՝ նախազգուշացնելով, սակայն, որ կանխատեսումները ենթակա են «աննախադեպ անորոշության»:

Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ճգնաժամը չափավոր ազդեցություն  կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, եւ աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, սակայն տնտեսական, քաղաքական եւ սոցիալական հետեւանքները, հավանաբար, նշանակալի եւ երկարաժամկետ կլինեն. «Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել շատ ավելի խորը, եւ այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվի հասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին»:

Զեկույցում նաեւ ասվում է, որ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրները, ամենայն հավանականությամբ, խիստ ազդեցության  կենթարկվեն  կորոնավիրուսային ճգնաժամի, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսական շուկաների խստացման, արտարժույթի ներքին շուկաների վրա ուժեղ ճնշման եւ արտահանման նկատմամբ արտաքին պահանջարկի նվազման հետեւանքով:

Պարենային ապրանքների գների անկումը լրացուցիչ բեռ է ստեղծել ածխաջրածիններ եւ մետաղներ արտահանողների` Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Հայաստանի համար, մինչդեռ տրանսֆերտների ակնկալվող նվազումը ճնշում է գործադրում տնային տնտեսությունների մեկանգամյա եկամտի վրա, հատկապես՝ Մոլդովայում, Հայաստանում, Ուկրաինայում եւ Վրաստանում: Զբոսաշրջությունից եկամուտների կորուստը լուրջ հարված կլինի նաեւ Վրաստանի տնտեսության համար:

Անդրադառնալով Ռուսաստանում առկա եւ սպասվող իրավիճակին, ՎԶԵԲ-ի մասնագետները նշում են, որ ՌԴ-ն ապրեց կրկնակի ցնցում. թե՛ կորոնավիրուսային համավարակը, որը բերեց գլոբալ պահանջարկի նվազմանը, եւ թե՛ նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին համաձայնագրի ձախողումը, որոնք միասին հանգեցրեցին նավթի գների էական անկմանն ու գործունեության կտրուկ դանդաղեցմանը. «Ռուսաստանի տնտեսությունը դեռեւս կախված է նավթից, իսկ նավթի գների անկումը նշանակալի էր, մասնավորապես` համավարակի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ հարկաբյուջետային խթանման ֆոնին: Ակնկալվում է, որ 2020 թվականին Ռուսաստանի տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, որին կհաջորդի 4,0 տոկոս աճ 2021 թվականին»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031